Աբխազիայի իրադարձություններին Մոսկվան այսօր պաշտոնապես արձագանքել է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե ուշադրությամբ հետևում են Սուխումիի ներքաղաքական իրավիճակի զարգացումներին։
«Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում են, որպես նրա ներքին գործը։ Հույսով ենք Աբխազիայի ներքին իրավիճակի շուտափույթ կարգավորումը կլինի իրավական դաշտի շրջանակներում՝ շահագրգիռ կողմերի միջև ուղիղ, խաղաղ բանակցությունների միջոցով», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում։
Սպասվում է, որ այսօր Աբխազիա կայցելի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը։ Այս մասին ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությանը ասել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան: Նա նշել է, որ իրավիճակը բարդ է, բայց՝ վերահսկելի։
Այնուամենայնիվ նախագահական նստավայրը գտնվում է ցուցարարների վերահսկողության տակ։ Երեկ նրանք ջարդել են պատուհանները, ներս են ներխուժել, մտել բոլոր սենյակներ, առգրավել պետական խորհրդանիշերը, նաև զինանոցի զենքերը։
Անվտանգության խորհրդի քարտուղարն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հերքել է սոցցանցերում տարածվող լուրերը, թե իշխանությունները մտադիր են ուժով հետ վերցնել նախագահական նստավայրը, միաժամանակ հետագայում չբացառելով նման սցենարը։
«Ամեն ինչ կախված է իրավիճակի զարգացումից և բանակցությունների արդյունքներից, որը հնարավոր է տեղի ունենա մոտական ժամանակում», - ասել է նա։
Հունվարի 9-ին Աբխազիայի ընդդիմադիր կուսակցության 100-ավոր ցուցարարներ շրջափակել էին նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայրը՝ կոչ անելով նրան հրաժարական տալ։
Խաջիմբան հեռուստաուղերձով քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների, ասել է, թե ուժային կառույցներն անցել են ուժեղացված ռեժիմի ծառայության և անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակ կհայտարարի։
Աբխազիայի նախագահը անվտանգության խորհրդի նիստ էր գումարել, իրադարձությունները համարել էր հեղաշրջման փորձ՝ ասելով, թե ամեն ինչ պետք է անել իրավիճակը կայունացնելու համար։
Երեկ երեկոյան Աբխազիայի խորհրդարանը Խաջիմբային ուղղված դիմում է ընդունել՝ կոչ անելով նրան կամավոր վայր դնել երկրի ղեկավարի լիազորությունները՝ իրավիճակը կայունացնելու համար։ Փոքրաթիվ խորհրդարանի 19 պատգամավոր կողմ էր քվեարկել, 4-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ։
Պաշտպանության նախարարը իշխանություններին և ընդդիմությանը փոխզիջումների կոչ է արել։
Ռաուլ Խաջիմբան ասել է, թե հրաժարական չի տա։
Այսօր Աբխազիայի նախագահի աջակիցները հավաքվել էին կառավարության մոտ ի պաշտպանություն իրենց առաջնորդի։
Այս իրավիճակի պատճառն անցած ընտրությունների արդյունքներն են։ Ընդդիմությունը պնդում է, որ Խաջիմբան անհրաժեշտ քանակի ձայներ չի հավաքել։
Ընդդիմադիր թեկնածուն դիմել էր գերագույն դատարան, մինչ անկարգությունները ցուցարարները հավաքվել էին դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է քննարկվեր նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի հայցը։
Ալխաս Կվիցինիան բողոքարկել էր անցած տարվա սեպտեմբերի ընտրություններում Խաջիմբային հաղթող ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Վրաստանը չի ճանաչում Աբխազիայում անցկացվող ընտրությունները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե Աբխազիայի ընտրությունները անօրինական են, կեղծ գործընթաց, որով խախտվում է Վրաստանի ինքնիշխանությունը։
Աբխազիան Վրաստանից անջատվել էր նախկին միության փլուզման ժամանակ։ Երբ 90-ականների սկզբին ռազմական բախում տեղի ունեցավ Վրաստանի և Աբխազիայի միջև, Ռուսաստանի օգնությամբ Աբխազիան անջատվեց Վրաստանից։
2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Միջազգային հանրությունը Աբխազիան համարում է Վրաստանի մաս։