Մատչելիության հղումներ

Տարեսկզբից ուժի մեջ են մտել եկամտահարկի փոփոխությունները


Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյան
Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյան

Սա նշանակում է, որ Հայաստանում թե՛ ցածր, թե՛ բարձր աշխատավարձ ստացողները վճարելու են համահարթ՝ 23 տոկոս եկամտահարկ:

Նախկինում հարկումը եռաստիճան էր՝ եկամտահարկի տարբեր չափեր էին սահմանված ցածր, մինջին և բարձր աշխավարձ ստացողների համար: Մինչև 150 հազար դրամ ստացողները վճարում էին իրենց աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոսը: Հունվարի 1-ից արդեն բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ:

Այս փոփոխությունները ավելի շատ կզգան բարձր աշխատավարձ ստացողները: Մինչև 150 հազար դրամ ստացողները, որոնք մեծամասնությունն են կազում՝ 65 տոկոսը, այս տարի որևէ փոփոխություն չեն զգա, նրանք ինչպես վճարում էին 23 տոկոս հարկ, այդպես էլ կշարունակեն վճարել:

150 հազարից բարձր ստացողները ավելի շատ գումար կհայտնաբերեն իրենց հաշվի վրա, քան 2019-ին: Այս փոփոխությունները շարունակական են լինելու, և մինչև 2023 թվականը համահարթ եկամտահարկը է՛լ ավելի է իջնելու՝ 23 տոկոսից դառնալով 20 տոկոս։

Պարզաբանում է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը. - «2020 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ամսվա համար ստացվող եկամուտները կհարկվեն 2020 թվականին 23 տոկոս դրույքաչափով, 2021 թվականին և հաջորդող 2-3 տարիների ընթացքում դրույքաչափը յուրաքանչյուր տարվա ընթացքում կնվազի մեկ տոկոսային կետով, ու արդեն 2023 թվականին, ֆիզիկական անձանց ստացվող եկամուտների գծով եկամտային հարկի բեռը կկազմի 20 տոկոս»։

Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, թեև այս տարի էլ կշարունակեն նույն 23 տոկոս եկամտահարկը վճարել, արդեն հաջորդ տարվանից համահարթ երկամտահարկը կլինի 22 տոկոս նաև նրանց համար. - «2021 թվականից 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու եկամտային հարկի բեռը կկազմի ոչ թե 23 տոկոս, այլ 22 տոկոս, և այդպես կիջնի մինչև 20 տոկոս դրույքաչափով հարկային բեռ»։

Չնայած մինչեւ 150 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամտահարկը 2021 թվականից կնվազի մեկ տոկոսով, սակայն նրանք, ովքեր նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են, այդ փոփոխությունը չեն զգա: Բանն այն է, որ եկամտահարկի հաշվարկման այս փոփոխություններին զուգահեռ՝ փոխվում է նաև կուտակային կենսաթոշակների հաշվարկման կարգը, և եկամտահարկի նվազման հետ 2021 թվականից կաճի պարտադիր կուտակային կենսաթոշակների՝ քաղաքացու կողմից վճարվող մասնաբաժինը:

Կուտակային վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2,5 տոկոսը վճարում է մասնակիցը, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերությունը կպահպանվի 2020 թվականին, սակայն 2021 թվականից սկսած անհատի մասնաբաժինը կավելանա, իսկ պետությանը՝ կպակասի: 2021 թվականին անհատները կվճարեն արդեն 3,5 տոկոս, 2022-ին 4,5 տոկոս, իսկ 2023 այս համամասնությունը կդառնա 5/5, այսինքն 5 տոկոս վճարի մասնակիցը, 5 տոկոս՝ պետությունը։

Սա նշանակում է, որ ոչ բարձր աշխատավարձ ստացողների համար այս փոփոխությունները նկատելի չեն լինի: Եկամտահարկի իջեցմանը զուգահեռ նույն չափով կավելանան կուտակային վճարումները, և, օրինակ, մինչև 150 հազար դրամ ստացող քաղաքացիների փաստացի տնօրինվող գումարը չի փոխվի մինչև 2023 թվականը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասում է, որ այս փոփոխությունների հիմնական շեշտադրումը ոչ թե սոցիալական գործոնն է, այլ գործատուներին խթանելը, որպեսզի իրենց աշխատակիցների իրական բարձր աշխատավարձերը ցույց տան. - «Բնական է, որ 150 հազարից բարձր ստացողների տնօրինվող եկամուտը բարձրանալու է։ Բայց շատ դեպքերում այդ եկամտահարկը, այսպես թե այնպես, գործատուի ուսերին էր մնում։ Դրա համար սրա հիմնական օգուտը լինելու է այն, որ հայկական ապրանքները և ծառայությունները ավելի մրցունակ պետք է դառնան, ինչը հետո կազդի նաև աշխատողների վրա»։

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արկադի Խաչատրյանի, միայն մեկ-երկու տարի անց կարելի կլինի գնահատել, թե արդյոք այս ռեֆորմը նպաստեց ստվերի կրճատմանը, թե ոչ. - «Դրա հիմնական արդյունքները կտեսնենք հետագայում, մեկ-երկու տարի հետո, երբ որ կկարողանանք ամփոփել։ Արդյո՞ք բարձր վարձատրվող աշխատանքների ստացվող եկամուտները ավելացան, թե ոչ։ Ընդհանուր առմամբ այս ռեֆորմը կհամարվի արդյունավետ այն դեպքում, եթե հարկային եկամուտները եկամտային հարկի գծով կավելանան պետական բյուջեում»։

«Բարգավաճ Հայաստան»-ից Սերգեյ Բագրատյանն ասաց. - «Մենք դիտարկում ենք, որ կոնկրետ եկամտահարկի համահարթեցման օրենքը նպատակ ունի որոշակի ժամանակահատվածում տնտեսության աշխուժացման, շրջանառու միջոցների ավելացման։ Քաղաքացին, որը ստանում էր, ասենք, երկու միլիոն և ավել աշխատավարձ, և մտահոգություն կար, որ 36 տոկոս պետք է հարկվեն, 23 տոկոս հարկելով կառավարությունը քայլ արեց, ընդառաջեց, որպեսզի բարձր վարձատրվող աշխատակիցները այլևս գրանցեն իրենց եկամուտները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG