Մատչելիության հղումներ

Արփի լճի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի փաստաբանը «աբսուրդ» է որակում առաջադրված մեղադրանքը


«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարը կալանավորված է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով: Դատախազության փոխանցմամբ՝ Գևորգ Ալեքյանը 2017-19 թվականների ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելու համար չորս հոգուց առերևույթ պահանջել ու որպես կաշառք ստացել է ավելի քան երկու միլիոն դրամի արժողությամբ խոտի հակեր և ավելի քան 500 հազար դրամ: Այսպիսով, ըստ իրավապահների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Ալեքյանը էական նյութական վնաս է պատճառել ազգային պարկի օրինական շահերին:

Տնօրենի պաշտոնակատարի փաստաբան Արամայիս Հայրապետյանը աբսուրդ է որակում առաջադրված մեղադրանքը:

«Գևորգ Ալեքյանին մեղադրանք է առաջադրվել 11 դրվագ կաշառք վերցնելու համար։ Զուտ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ ինքը որպես վարձավճարներ գումարները վերցրել է որպես կաշառք կամ որպես կաշառք է վերցրել խոտի հակ՝ անասնակեր, դա է մեղադրանքի մեջ գրված, կաշառքի հանցակազմը իրավաբանորեն աբսուրդ է։ Չի կարելի այս գործողությունները վկայել կաշառք, պատկերացրեք ես պաշտոնատար անձ եմ, Դուք ինձ վարձավճար եք տալիս, որ ես տանեմ վճարեմ, ուղղակի չեմ վճարում, էդ գումարները պահում եմ ինձ, դա յուրացում է կամ խաբում եմ, որ դա վարձավճար է և վերցնում եմ, դա խարդախություն է, բայց կաշառքը հստակ պիտի ասեմ, որ ինձ փող տուր, որ ես սա անեմ, չէ՝ չեմ անի», - ասաց Հայրապետյանը։

Փաստաբանն ասում է՝ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում խոտի հակով կաշառք ստանալու դեպքի. «Կաշառքը ընդհանրապես դժվար հիմնավորվող հանցակազմ է, բարդ հանցակազմ է, էն էլ խոտով։ Չի եղել նման դեպք, ի՞նչ է նշանակում խոտով կաշառք էն պարագայում, երբ էդ խոտը տվողի գույքը չէ, այսինքն՝ ով որ պետք է էդ խոտը տար Գևորգ Ալեքյանին, տվողի գույքը չէ, դա ՊՈԱԿ-ի, տարածքի գույքն է, չի գնացել իր տնից խոտ բերել, դա ենթադրյալ կաշառք տվողի գույքը չէ»։

Արամայիս Հայրապետյանը քրեական գործի հարուցումը կապում է Արփի լիճ ՊՈԱԿ֊ի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջիկայում կայանալիք մրցույթի հետ:

«Մտավախություններ ունեին, որ Գևորգ Ալեքյանը միգուցե դներ իր թեկնածությունը, և եթե մենք նայում ենք, թե ովքեր են թեկնածուների մեջ, առնվազն երկու հոգին Ազգային անվտանգության ծառայության հետ փոխկապակցված անձինք են։ Եթե գիտեիք, որ էս ամենը եղել է 17, 18 և 19 թվականներին և առնվազն հոկտեմբեր, սեպտեմբեր ամիսներին ինֆորմացիա ունեիք, էլ ինչո՞ւ հասանք ընտրութունների նախաշեմին նոր հիշեցիք, որ դա հանցագործություն է կամ ինչո՞ւ էդքան ժամանակ սպասում էիք, որ ինքը շարունակեր ենթադրաբար կատարված հանցագործությունները», - ասաց Հայրապետյանը։

Արփի լիճ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, որը նաև Շիրակի մարզպետն է եղել, վերջերս հրաժարականի դիմում տվեց: Հետո տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Սիմոնյանի կուսակից ընկեր Գևորգ Ալեքյանը, նա մինչ այդ տնօրենի տեղակալն էր: Փաստաբանն ասում է՝ կալանքի որոշումը բողոքարկել են:

«Էս մարդուն կալանավորել են ում խնամքին կա երեք անչափահաս երեխա, հաշմանդամ հայր, վատառողջ մայր և տան միակ տղամարդն է, սա և՛ դեմ է մարդասիրության սկզբունքին, որը օրենքով ամրագրված է, և՛ իր մեջ առերևույթ հոգեբանական խոշտանգման տարրեր է հանդիսանում, մեր երկրում կալանքը երբևէ խափանման միջոց չի եղել, մեր երկրում կալանքը եղել է ճնշման միջոց, որպեսզի մարդը հոգեբանորեն կոտրվի և ցուցմունք տա։ Չեն էլ թաքցնում է, ասում են՝ «կալանավորենք իրեն, որովհետև մեղավոր չի ճանաչել», - ընդգծեց Հայրապետյանը։

Հետագայում նաև մեղադրանքն են բողոքարկելու, քանի որ անհիմն է համարում: Արամայիս Հայրապետյանը պնդում է, որ նման գործերով կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու իմիտացիա է արվում:

«Քանի որ վերևներում պետք է ասեն կաշառք բացահայտեցինք և հերթական անգամ խաբեն վարչապետին, խնդրեմ հասանք էն աստիճանի, որ արդեն խոտով կաշառքով էլ են բացահայտմամբ մարդ նստացնում», - ասաց փաստաբանը։

Դատախազության տվյալներով Շիրակի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գերակշիռ մասը բաժին է ընկնում կրթական ոլորտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG