Հայկական ատոմակայանի հնարավորությունները թույլ են տալիս այն շահագործել մինչև 2036 թվականը, այսօր ԱԷԿ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ոլորտը համակարգող՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարին հարցրել էինք՝ կառավարությունը ծրագրո՞ւմ է նոր ատոմակայան կառուցել։ «Գիտեք, այժմ աշխարհում Ռուսաստանը, Կորեան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների պրոյեկտներ ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն։ Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ կգործարկվեն, Հայաստանի Հանրապետությունը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էլեկտրաբլոկը կարող է իր կյանքը երկարացնել նախ մինչև 2026 թվականը, բայց թույլատրելի է մինչև 2036 թվականը, բայց սա, իհարկե, արդեն ապագայի խնդիր է և քննարկումների ու դրա առաջնահերթությունները հասկանալու», - ասաց նախարարը։
«Ազատության» հարցին, թե չի՞ բացառում, որ մինչև 2036թ. կարող է գործող ԱԷԿ-ն աշխատել, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. - «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց գոնե իր հնարավորությունները դա թույլ են տալիս»։
Ըստ նախարարի, մոդեռնիզացիան անընդհատ անհրաժեշտ է, քանի որ անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ ամեն տարի որոշակի փոփոխություններ, նորացումներ, արդիականացումներ տեղի ունենան։
2015թ. փետրվարին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրով Մոսկվան հատկացրեց 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ՝ Հայկական ատոմակայանի արդիականացման համար։ Նախատեսված էր արդիականացման աշխատանքներն ավարտել այս տարի, սակայն, փաստորեն, աշխատանքները երկարաձգվելու են մինչև 2021թ. ավարտ, և այդ նպատակով, ինչպես այսօր փոխանցեց Պապիկյանը, ռուսական կողմի հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել՝ վարկի մնացած մասի օգտագործման վերջնաժամկետը ևս երկարաձգել մինչև 2021թ. ավարտ։
«Աշխատանքներն իրականում բավականին ծանր են, կարևոր, և հաշվի առնելով այս օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը՝ երբեմն շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին, և բնականաբար դրա արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգման», - մանրամասնեց նա։
Փաշինյանի կառավարության ներկայացուցիչն ընդգծեց՝ ատոմակայանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու հանգամանքը, և պատասխանելով հարցին հայտարարեց՝ Հայաստանը որևէ երկրի, միության, այդ թվում՝ Եվրամիության հետ որևէ համաձայնություն չունի, թե ԱԷԿ-ի շահագործումը պետք է դադարեցվի 2026թ.։
«Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաև շարունակել լինել արտահանող երկիր։ ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի Հանրապետության էներգիայի այս պահին 40 տոկոսը, բայց ամբողջությամբ իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է հասնել մինչև 50 տոկոս։ Շրջափակված լինելով 2 երկրների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունն այս փուլում, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք անցել, կամ մեր հզորությունները թույլ չեն տվել այլընտրանքային էներգետիկ աբյուրների, որպեսզի մենք կարողանանք մեզ նման ճոխություններ թույլ տալ, այս փուլում գործընկերները պետք է որոշակի փոխըմբռնումով մոտենան Հայաստանի ատոմային էներգիայի խաղաղ շահագործմանը, որովհետև սա մեզ համար ունի կենսական նշանակություն», - շեշտեց նախարար Պապիկյանը։
Այսօր ԱԷԿ-ում տոնական էր, պարգևատրում էին արդիականացման աշխատանքների մասնակիցներին, ներկա էր նաև Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրիկինը։ Հնարավոր է՝ դա էր պատճառը, որ ԱԷԿ-ի ղեկավարությունը որոշել էր ներկաների անուն-ազգանունները սեղանի վրա ներկայացնել միայն ռուսերեն ցուցանակներով։
ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանին հիշեցրինք, որ պետական լեզուն հայերենն է։
«Հայերենի համար ներողություն եմ խնդրում, հավատացեք՝ որևէ խնդիր չկա հայերենի-ռուսերենի, ինքս հայկական կրթություն ունեմ, իմ ռուսերենն այդքան էլ լավ չի, բոլոր դեպքերում ներողություն», - ասաց նա։