Մատչելիության հղումներ

Փարիզում կայացավ Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպումը


Ֆրանսիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանում են «Նորմանդյան քառյակի» բանակցություններին, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ․
Ֆրանսիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանում են «Նորմանդյան քառյակի» բանակցություններին, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ․

Դոնբասի շուրջ երեկվա բանակցություններին կողմերը չեն պայմանավորվել, փոխարենը՝ պայմանավորվել են գազի շուրջ: «Հանդիպումը լավ անցավ», - երեկ Զելենսկու հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հարցին պատասխանելով հայտարարել է Պուտինը:

Երկուշաբթի ուշ երեկոյան Փարիզում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը, որը տևեց մոտ մեկ ժամ և անցավ «Նորմանդյան ձևաչափով» բանակցությունների շրջանակում:

Ավելի վաղ Պուտինն ու Զելենսկին բանակցել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ: Գագաթնաժողովն ընդհատվել է, որպեսզի Պուտինն ու Զելենսկին առանձին բանակցություններ անցկացնեն: Արդեն գիշերը չորս երկրների առաջնորդները բանակցությունները շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:

«Կոմերսանտ»-ը կեսգիշերին հաղորդեց, որ գագաթնաժողովին կողմերին չի հաջողվել պայմանավորվել շփման գծի ամբողջ երկայնքով զինված ուժերի հետագա տարանջատման շուրջ: Մինչ այժմ ուժերը հետ են քաշվել միայն երեք տարածքներում:

Բանակցությունները, հիշեցնենք, հնարավոր դարձան, երբ Կիևն ընդունեց «Շտայնմայերի բանաձևը» և ուժերը դուրս բերեց Լուգանսկ ավանից, Զոլոտոյե և Պետրովսկի բնակավայրերից:

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդներն առաջին անգամ հանդիպել էին 2014 թվականի հունիսին, ավելի ուշ այդ ձևաչափը կոչվեց «Նորմանդյան»: Քառյակի ամենակարևոր հանդիպումը 2015-ի փետրվարին էր Մինսկում, և այդ գագաթնաժողովին ընդունվել են այսպես կոչված «Մինսկի համաձայնագրերը»:

Երեկվա բանակցություններին զուգահեռ՝ Կիևում, Ուկրաինայի նախագահի նստավայրի շուրջ անցնում էին բողոքի ցույցեր: Ընդդիմադիրները, այդ թվում՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, Զելենսկուց պահանջում են զիջումների չգնալ Պուտինի հետ հանդիպմանը:

Ընդդիմությունը նախօրեին հրապարակել էր «կարմիր գծեր», որոնք չպետք է անցնի Ուկրաինայի նախագահը «Նորմանդյան ձևաչափով» հանդիպմանը: Ընդդիմության մատնանշած «կարմիր գծերի» շարքում է ունիտար պետության պահպանումը, Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան կուրսի փոխզիջումներից հրաժարվելը, Դոնբասում ընտրությունների կանխումը մինչև այնտեղից ռուսական զորքերի դուրսբերումը: Ընդդիմությունը պահանջում է նաև, որ Զելենսկին հրաժարվի փոխզիջումներից Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ և չխոստանա դադարեցնել Ռուսաստանի դեմ միջազգային դատավարությունը:

XS
SM
MD
LG