Մատչելիության հղումներ

«Պետք է պարտք չմնաս հայրենիքին»․ օրերս լրացավ Փարավոն Միրզոյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը


Օրերս լրացավ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը, որը հանդիսությամբ նշվեց Ազգային Պատկերասրահում։ Փարավոն Միրզոյանը երկար տարիներ Ազգային Պատկերասրահի տնօրենն է եղել։

«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում անվանի գեղանկարիչը, անդրադառնալով այդ հանդիսությանը, նշեց․ «Ազգային պատկերասրահում հավաքվել էին մի 200 և ավելի արվեստագետներ, և ես իմ խոսքի մեջ ասեցի, էս հանդիպումը ոչ թե կառավարական է, այլ ժողովրդական է»:

Փարավոն Միրզոյանն իր մասնագիտական կրթությունը ստացել է այն ժամանակ Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիայում և այսօր ուսման այդ տարիները մեծ սիրով է հիշում։

«Ես մեծ ցանկությունով գնացի Սանկտ Պետերբուրգ ուսանելու, սովորելու՝ այդ հրաշալի քաղաքը ինչ կարող է մարդուն, արվեստագետին տալ, այդ ամենը ես ընկալեցի և մեծ հաճույքով և սրտի ցանկությունով վերադարձա Հայաստան, որովհետև ես գտնում եմ՝ մեծ արվեստը, իսկական արվեստը, ազգային արվեստը ստեղծվում է այս հողի, այս ջրի, այս երկնքի տակ: Շնորհակալ եմ Աստծուց, որ տվել է ինձ աշխատասիրություն», - ասաց Միրզոյանը:

«Ազատության» հարցին, թե իր համար ստեղծագործական կյանքում ո՞րն է եղել ամենակարևորը, գեղանկարիչը պատասխանեց․ «Միայն ստեղծագործել, հայրենիքին քո ապրած օրերին մի բան թողնես, պարտք չմնաս հայրենիքին: Ամեն ինչ պետք է անես, որ հանգիստ հոգով գնաս այս աշխարհից: Դա է ամենակարևորը»:

Միրզոյանը նշեց՝ դժգոհ է այն մշակութային ծրագրերից, ինչ որ կատարվում է այս 30 տարիների ընթացքում․ «30 տարվա մեջ մեր արվեսը, կերպարվեստը, մշակույթը հետ է նահանջում, որովհետև պետությունը ծրագիր չունի: Երբ որ մենք միշտ ասում ենք՝ ես չեմ ուզում վերադառնա սովետական մտքին, այն ծրագիրը, որ էն ժամանակ կար, ամեն ինչ ստեղծում էր, որ թե՛ երիտասարդների, թե՛ արդեն հասուն նկարիչների համար կյանքի, ապրելու, թրթիռի, սիրով ստեղծագործելու համար: Առաջ բոլորը ցանկանում էին արվեստագետների հետ նստել, զրուցել, արվեստագետի հետ ապրել, իսկ հիմա իրանց պետք չի էդ»:

Ի դեպ, «Նահապետ» հրատարակչությունն օրերս Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունների պատկերագիրք - ալբոմն է լույս ընծայել, որտեղ ներկայացված է նաև հենց ռուսական թանգարանի տնօրենի խոսքը գեղանկարչի անցած ստեղծագործական ուղու մասին։

«Մշակույթին պետք է լուրջ տերություն անել: Ինձ դուր եկավ, երևի մի ամիս առաջ վարչապետը Ազգային ժողովում մի խոսք ասաց մշակույթի մասին, հենց կերպարվեստի մասին, նրա զարգացման մասին, ես մտածեցի՝ ճիշտ քայլ արեց վարչապետը, բայց ի՞նչ արդյունք եղավ, ես չգիտեմ դա: Արվեստի զարգացումը պետք է լինի պետության հովանու ներքո», - ասաց Փարավոն Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG