Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչել, մեղադրանքն էլ համարում է քաղաքական


«Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում», - ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ։ Երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջը նաև տեղեկացրել է, որ Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչել:

Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը հիշեցրել է, որ այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա նշել, որ ներկայացված մեղադրանքը շինծու է և անհեթեթ։

Հայտարարության մեջ ասված է.

« 1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:

2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:

3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:

4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը:

5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա:

6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»:

ՀՀԿ-ն նաև հայտարարել է․ «Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին»:

Ըստ կուսակցության հայտարարության՝ գործող վարչակազմին «ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ և տրվեցին հստակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գնահատականներ»:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG