Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազ․ «Չէինք շարունակի շփումները, եթե ռուսական կողմի բացատրությունը ընդունելի լիներ»


Եթե ռուսական կողմի բացատրությունը ընդունելի լիներ՝ Մարտի 1-ի գործով և այլ հանցանքների համար մեղադրվող անձանց Հայաստան չարտահանձնելու վերաբերյալ, Հայաստանի գլխավոր դատախազությունը չէր շարունակի շփումները ռուսաստանցի իրավապահների հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազությունից երեկ «Ազատությանը» հայտնել էին, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Ռուսաստանի գլխավոր դատախազությունից դեռ օգոստոսին հայտնել էին, որ հնարավոր չեն համարում բավարարել Պողոսյանին արտահանձնելու Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հղում կատարելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթներին, որի համաձայն՝ իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը «կարող է վնաս պատճառել հարցվող պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը»:

«Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չի վերացվել: Միհրան Պողոսյանի խափանման միջոցը, գիտեք, դեռևս քանի ամիս առաջ մենք հրապարակեցինք, երբ որ ստացանք մերժում հանձնելու: Երբ որ երկիրը մերժում է հանձնումը, այլևս մի վայրկյան իրավունք չունի և չի կարող մեկին պահել, այսինքն՝ դա նոր բան չի, դա դեռևս էն ժամանակվանն է, բայց այդ առումով մենք դեռևս շարունակում ենք քննարկումները մեր գործընկերների հետ և նկատի ունենալով, որ նաև քրեական գործն էլ բավականին ակտիվ փուլում է գտնվում և չեմ բացառում, որ նոր առավել ծանր հանցագործությունների դրվագներ մենք կունենանք այդ առումով: Բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված հույս ունենք, որ մեր գործընկերներն, ըստ էության, այսպես կոչված իրավական և արդարացի մոտեցում կցուցաբերեն», - ասաց Դավթյանը՝ շարունակելով, - «Ակտիվ շարունակվում է քրեական գործի քննությունը, նոր դրվագներ պարզաբանվելու դեպքում մենք մեր գործընկերների հետ շփումները շարունակելու ենք, այսինքն՝ նրա արտահանձնման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այսօր հարցրեցինք, արդարադատության գեներալ-մայոր, ոստիկանության «Օրենքի Պատվար» մեդալով պարգևատրված Միհրան Պողոսյանի արտահանձնումը ինչո՞ւ պետք է վնաս պատճառի Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը: Պողոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար՝ օգտագործելով Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունները:

«Նույն հարցերը կան նաև իմ մոտ և այդ հարցերի պատասխանները փորձում ենք ստանալ մեր գործընկերներից, բայց մի գաղտնիք ես բացահայտեմ, գաղտնիք չի սա, մենք տարբեր առիթներով դա ունեցել ենք հնարավորություն ներկայացնելու, այդ նույն գործընթացում կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք պետություններն իրենք էլ հրապարակելու արգելք ունեն, Խոսքը վերաբերում է ապաստանին: Միջազգային համապատասխան կոնվենցիաները արգելում են ապաստան տված երկրին կամ երբ որ անձը դիմում է իրենց ապաստանի համար, այդ փաստը հրապարակել, թե որքանով պատճառը դա է, մենք դրա համար եմ ասում, որ քանի որ շփումները շարունակվում ենք, պատճառները փորձում ենք ավելի խորը հասկանալ», - պատասխանեց գլխավոր դատախազը:

Հարցին էլ՝ այսինքն ընդունելի չէ՞ ռուսական կողմի բացատրությունը, Դավթյանն արձագանքեց․ «Եթե ընդունելի լիներ մենք չէինք շարունակի մեր շփումները»:

Հայտնի է՝ Մարտի 1-ի արյունալի գործով, որպես մեղադրյալ ներգրավված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով, պարզվեց Ռուսաստանի քաղաքացի է, այս գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նույնպես Ռուսաստանում են:

«Ազատության» այն հարցին, թե ինչպիսի՞ գնահատական կտա, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Ես էդպիսի համընդհանուր գնահատական տալու հիմքեր այս պահին չունեմ: Թվարկած անձինք ունեցել են ամեն մեկն անհատական պատճառներ, պատճառներ, որոնք կոնվենցիայով ամբողջությամբ և հստակ ամրագրված են»:

Իսկ թե ինչո՞ւ են բոլորը Ռուսաստան գնում, գլխավոր դատախազն արձագանքեց․ «Դե էդ, կարծում եմ, մեկնողներին պետք է հարցնենք: Հեշտ է երևի Ռուսաստան գնալը, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ում հետ շատ ավելի բաց շփման ռեժիմ ունենք, որի հետ շատ ավելի բաց ու ազատ շփումների, ելումուտի պայմաններ ունենք: Հիմա մի երկիր, որի հետ վիզային ռեժիմ կա, խստացված վիզային ռեժիմ կա, բնականաբար, այդ երկիր չեն կարող գնալ: Պարզվում է՝ մենակ Ռուսաստանում չի, առաջիկայում կիմանաք նաև այլ երկրում էլ են գտնվում: Փախնողի հնարավորությունները, որ ներում է, այսինքն՝ ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է»:

XS
SM
MD
LG