Մատչելիության հղումներ

«Շատ հետաքրքրված էին Հայաստանի տնտեսությամբ»․ ադրբեջանցի լրագրողների Հայաստան կատարած այցի մասին


Հայաստան են այցելել «Թրենդ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az կայքի լրագրող Էլշան Ռուստամովը և Ադրբեջանում «Վեստնիկ Կավկազա» կայքի լրագրող Օրհան Յելչուևը:

Էլշան Ռուստամովը Ֆեյսբուքի իր էջում մի քանի լուսանկար է տեղադրել: Շուշիում լուսանկարել է վերանորոգված մզկիթը, Քելբաջարում լուսանկարվել է մառախլապատ լեռների ֆոնին: Երկու լուսանկարների վերևում նա գրել է՝ «Մեր հայրենիքը»: Երևանում էլ լուսանկարվել է «Կապույտ մզկիթի» բակում:

Լուսանկարները դրված են նաև 1news-ի կայքում, որտեղ նա աշխատում է: Այցի մասին կարճ, ընդհանուր տեղեկատվությունից բացի, նաև գրված է, թե «շատ տարիների ընթացքում առաջին անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողացան իրենց աչքերով տեսնել մեր հայրենի հողերը, գեղեցիկ բնությունը, սարերը, անտառներն ու գետերը»: «Թրենդ»-ի գլխավոր խմբագիրն ու «Վեստիկ Կավկազա» կայքի լրագրողը իրենց լրատվամիջոցներում այս պահին դեռ որևէ նյութ չեն տեղադրել Հայաստան կատարած այցի մասին:

Մինչ այցերի մեկնարկը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ պաշտոնյաների հետ հանդիպումներ չեն լինելու: Երկու կողմում էլ հանդիպումներ են եղել միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ: Ադրբեջանցիները, երբ ժամանել էին Երևան, երկրորդ օրը հանդիպում-քննարկում էին ունեցել Հայաստանցի մի խումբ լրագրողների հետ, օրվա վերջում նաև ընթրել միասին:

Այդ հանդիպումներին մասնակցել է նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը:

«Մոտ մեկ տասնյակ լրագրողներ էին Հայաստանից մասնակցում այդ հանդիպմանը ադրբեջանցի երեք լրագրողների հետ: Նախ դահլիճային փոքրիկ քննարկում տեղի ունեցավ, հետո արդեն միասին ընթրեցինք, և որքան էլ փորձ էր արվել անկաշկանդ մթնոլորտ ստեղծել, ասել նրանց, որ չենք լուսաբանելու, ձեզ հետ հարցազրույցներ չենք անելու, այս հանդիպումը չի տեսանկարահանվելու, այնուամենայնիվ, որոշակի զսպվածություն, կաշկանդվածություն իրենց կողմից նկատվում էր և նաև երևում էր, որ իրենք ավելի շատ եկել են մեր խոսքը լսելու, քան իրենք ինչ-որ հարցերի պատասխանելու:

Հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով իրենք գրեթե դիրքորոշում չէին հայտնում, խուսափում էին այս թեմային շատ անդրադառնալ: Փոխարենը շատ հետաքրքրված էին, օրինակ, Հայաստանի տնտեսությամբ, պարբերաբար ակնարկներ էին անում, որ արդյո՞ք մենք մտահոգված չենք, որ նոր երկաթուղի, ճանապարհներ, գազատարներ կառուցվում են տարածաշրջանում անընդհատ շրջանցելով Հայաստանը, և արդյո՞ք գիտակցում ենք մենք, որ դրա պատճառը պատերազմն է:

Մենք էլ մեր հերթին, օրինակ՝ ես, մասնավորապես, իրենցից հետաքրքրվում էի Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի մասին, օրինակ, ուղիղ հարցնում էի՝ ընդդիմությանը հեռուստացույցով ցուցադրո՞ւմ են, կամ հետաքրքրվում էի՝ ինչպե՞ս են իրենք մեկնաբանում այն փաստը, որ ընդդիմադիրներին թույլ չի տրվում Բաքվի կենտրոնում հանրահավաքներ անցկացնել և դրանք որպես կանոն 7-8 կիլոմետր հեռավորության վրա են միայն թույլատրվում: Էլի պիտի ասեմ, որ իրենց դիրքորոշումը Ադրբեջանի իշխանության դիրքորոշումից շատ չէր տարբերվում: Օրինակ՝ ասում էին, որ Բաքվի կենտրոնը շատ ծանրաբեռնված է, և այնտեղ իսկապես հնարավոր չէ հանրահավաքներ իրականացնել», - պատմեց Կարլեն Ասլանյանը:

Արցախի արտգործնախարարությունը այսօր հրապարակել է ադրբեջանցի լրագրողների այցի մանրամասները, թե ինչ վայրեր են նրանք այցելել Ղարաբաղում:

Արտգործնախարարությունը բացի այդ վայրերը թվարկելուց նաև նշել է, որ կողմերի հետ համաձայնեցված այս նախաձեռնությունը անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

«Արցախյան կողմը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում՝ լրագրողների փոխայցերի վերաբերյալ», - նշված է պաշտոնական Ստեփանակերտի հաղորդագրությունում:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելությունը ողջունել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը: ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը Թվիթերի իր էջում գրել է․ «Նման քայլերը բնակչությանը նախապատրաստում են խաղաղությանը և նպաստում լարվածության թուլացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG