Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Այս մասին փոխանցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է՝ ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: Արտաքին գործերի նախարարությունն այլ մանրամասներ չի փոխանցում:
Հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն, կարծիք է հայտնում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերին: Քաղաքագետը նման այցերը կարևոր և ճիշտ քայլ է համարում։
«Եթե կողմերը շարունակում են հաղորդակցվել, ես չեմ ասում՝ բանակցել, եթե շարունակում են հաղորդակցվել՝ երկրի ղեկավարների մակարդակով, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների մակարդակով, սա նշանակում է՝ մտածում են առանց պատերազմի խնդրի լուծման մասին: Սա կարևոր, փոքրիկ, բայց շատ կարևոր գործիք է դառնում խաղաղության պահպանման առումով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաֆարյանը:
Ադրբեջան էին այցելել «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը: Նրանք իրենց այցի մանրամասները կներկայացնեն մոտ օրերս:
Իսկ թե ինչ կտան այս այցերը երկու երկրներին, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ընդգծում է․ - «Առնվազն գոնե մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները կլսեն այն ձայները, որոնք շատ հաճախ չեն լսում, որովհետև մեր միջև ահռելի պատ է դրված, և Ադրբեջանի իշխանությունների առավել ևս վարած քաղաքականության առումով՝ հակահայկական հիստերիայի, հայատյացության քաղաքականության, մեզ համար կարևոր է հասկանալ, թե, ի վերջո, ինչ են մտածում և ինչու են այդպես մտածում: Կապ չունի՝ դա մեզ դուր կգա, թե դուր չի գա, վստահաբար՝ դա մեզ դուր չի գա, և վստահաբար՝ նրանց հասարակությանը դուր չի գա այն, ինչ կլսեն այստեղ: Բայց ամենակարևորը, նորից եմ կրկնում, երկու կողմերում սխալ հաշվարկներից խուսափելու և այս փխրուն խաղաղությունը պահպանելու ու առաջ տանելու հարցը կա: Հետևաբար, այս առումով, այս այցերը առնվազն գոնե այդ տեսակետները կտեղափոխեն երկու մայրաքաղաքներ և երկու երկրների հասարակություններին»:
Հայաստանցի և ադրբեջանցի լրագրողների մասնակցությամբ նախկինում համատեղ ծրագրեր իրականացրած Երևանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նման փոխայցերի կարևորության մասին կարելի կլինի խոսել միայն լրագրողների հրապարակումներից հետո:
«Եթե այդ հրապարակումները կօգնեն և՛ ադրբեջանական, և՛ հայկական հասարակություններին ավելի լավ հասկանալ՝ ինչ տրամադրություններ, պատկերացումներ հակամարտության մասին կան այդ երկրում, դա արդեն որոշակի ազդեցություն գուցե ունենա հետագա գործընթացի վրա: Եթե այդ փոխայցելությունը սահմանափակվի զուտ նրանով, որ մեր երեք գործընկերները Ադրբեջանից ու Հայաստանից ինչ-որ եկել են, ինչ-որ բան են տեսել, ինչ-որ մարդկանց հետ են հանդիպել, և այդ ամեն ինչը մնալու է իրենց մեջ, ապա ես, ճիշտն ասած, այդ կարգի փոխայցելությունների իմաստը չէի տեսնի», - ընդգծեց Նավասարդյանը:
Դեռ նախորդ շաբաթ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հաղորդել էր, որ լրագրողների այցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով՝ «փոխադարձ վստահություն ստեղծելու հարցով մարդասիրական քայլերի շրջանակներում»: Մարդասիրական միջոցառումներ իրականացնելու մասին պայմանավորվել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գարնանը Վիեննայում կայացած հանդիպմանը։