Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ 23-ամյա կինոռեժիսոր Մանե Բաղդասարյանը արդեն իսկ իր նկարահանած ֆիլմերով հասցրել է ոչ միայն ուշադրության արժանանալ թե՛ մասնագետների, թե՛ կինոարվեստի երկրպագուների կողմից, այլև մասնակցելով մի շարք միջազգային կինոփառատոների՝ Գերմանիայում, Չինաստանում, Իտալիայում, Ռուսաստանում, նաև Հայաստանում, 9 մրցանակ է ստացել: Անցյալ տարի էլ արժանացել է Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակին՝ կինոարվեստի ոլորտում, իր նկարահանած հենց առաջին՝ Երևանի մասին պատմող «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի համար:
Օրերս «Ազատության» հետ զրույցի ընթացքում անդրադառնալով կինոոլորտի խնդիրներին, երիտասարդ կինոռեժիսորն ասաց, որ դրանք խիստ միահյուսված են, բայց և տարբեր, թեկուզ վավերագրական և խաղարկային ֆիլմեր նկարահանող ռեժիսորների համար:
«Խաղարկային կինոյում հենց ամենամեծ խնդիրը դա է, որ ուսանողը երբ որ ընդունվում է ինստիտուտ, ինքը ուզում է առաջին հերթին խաղարկային ֆիլմ նկարել, որովհետև դա է հենց կինո ասվածը երևի, բոլորին ձգում է, ու հենց որ մտածում է խաղարկային կինոյի մասին, ինքը գիտի, որ չկա գումար, ու դա շատ բարդ է հայթայթել: Նույնիսկ եթե ինքը արդեն պրոֆեսիոնալ է, էլի, ավարտելուց հետո էլ, թեկուզ փոքրիկ ֆիլմերի դեպքում, շատ դժվար է ֆինանսավորում ստանալը, քանի որ չկան այդպիսի կառույցներ շատ, բայց կարելի է դիմել», - նշեց Մանե Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Իսկ վավերագրական կինոյում գուցե ավելի հեշտ է գտնել Հայաստանում գումարը, սակայն գտնելու դեպքում էլ միշտ քիչ է»:
Ֆինանսական խնդիրներից զատ, երիտասարդ կինոգործիչների համար նաև շատ կարևոր է ֆիլմ նկարահանելու լավ թիմ գտնել, համոզված է նա: Մանե Բաղդասարյանի խոսքով, բնականաբար, լավ ֆիլմ ստեղծելու համար անհրաժեշտ է ոչ միայն կինոռեժիսորը, այնինչ «բոլորը ուզում են ռեժիսոր լինել, բայց ամեն մարդ կարող է լինել լավ օպերատոր, լավ գրիմյոր, լավ դերասան, և այդ, չէ՞ որ կինոն կոլեկտիվ արվեստ է»: «Որոշ ժամանակ անց, թեկուզ մի մարդ, ով որ լավ օպերատոր է, ինքը մտածում է՝ «բայց ես էլ կարամ ֆիլմ նկարեմ ու ես լինեմ ռեժիսորը», բայց այստեղ հարցը ոչ թե ղեկավար լինելու մեջ է, այլ լավ գործ ստեղծելու, լավ արվեստ ստեղծելու մասին է, որ ինքը կարող է լինել շատ լավ օպերատոր, ու ավելի լավ է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի», - նշեց երիտասարդ կինոռեժիսորը:
«Իսկ ընդհանուր առմամբ շատ կան խնդիրներ, որոնք չես կարող հենց մի հատ ասել կամ մի քանի, որովհետև ամեն մի պրոյեկտի մեջ մի տեսակ է խնդիրը: Ու նաև դա գալիս է՝ դու ուսանող ես, դու արդեն պրոֆեսիոնալ ես, դու դրսից ես եկել Հայաստան, դրանք տարբեր իրավիճակներում են ծագում էդ խնդիրները, որը, կարծում եմ, իհարկե, մենակ Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է», - ասաց Մանե Բաղդասարյանը:
Հարցին՝ «կարո՞ղ ենք ասել, որ կոնկրետ Հայաստանում մեր օրերում բարդ է երիտասարդության համար ֆիլմի նկարահանման ընթացքի մեջ մտնել», նա արձագանքեց․ - «Ես էսպես եմ կարծում՝ և՛ այո, և՛ ոչ: Բարդ է, որովհետև պետք է հավաքել թիմ, և ինչու է հեշտ՝ որովհետև Հայաստանը շատ չքնաղ երկիր է, մենք ցանկացած վայրում կարող ենք անել նկարահանում: Ես դա զգացել եմ, որ դու նույնիսկ փողոցում կարող ես նկարել, և ոչ մեկ քեզ չի արգելի, դու կարող ես մի կամերայով էլ ֆիլմ անել, եթե լավ գաղափար ունես: Իսկ կան, օրինակ, երկրներ, որտեղ եթե դու շտատիվը դնում ես հատակի վրա, ուրեմն՝ դու պետք է գումար մուծես, օրենքները խիստ են, և այլն: Բայց Հայաստանում էդ պահին երևի թե երիտասարդին հեշտ է, ու եթե դու իսկապես լավ գաղափար ունես, դա կապ չունի ընդհանրապես՝ դու գումար ունես, թե ոչ»:
«Բայց մեկ է, տարիքի հետ, պրոֆեսիոնալիզմի հետ գալիս է առաջին հերթին հենց գումարի խնդիրները, որոնք մեզ մոտ շատ վատ է, ու հիմա որ Կինոյի օրենքն են քննարկում, ես եղա Ազգային ժողովում, լսեցի կարծիքները ու հասկացա, որ ընդհանրապես ոչ մեկ չէր հասկանում ինչի մասին է խոսում, ու ընդհանրապես ի մի չի գալիս էդ խնդիրը, թե, ի վերջո, Կինոյի օրենքը իրենից ինչ է ներկայացնում: Շատ են քննարկում, բայց լրիվ ուրիշ խոսակցություններ են գնում, կոպիտ ասած՝ ամեն մարդ իր շահի համար է անում: Պետք է հասկանալ ու համախմբել էս ամենը, ու նաև պետք է հայկական կինոն, իմ կարծիքով, համագործակցություն ունենա դրսի հետ՝ դա է լուծումը, ճանապարհը», - ընդգծեց Մանե Բաղդասարյանը:
Երիտասարդ կինոռեժիսորը հայտնեց, որ հիմա աշխատում է «Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ․ - «Իրենք ֆինանսավորել են իմ պրոյեկտը, և համատեղ նկարահանում եմ մի ֆիլմ երիտասարդ արտիստի մասին: Այս տարի պատրաստ կլինի, բայց չեմ կարող ասել, թե պրեմիերան երբ կլինի»: