Մատչելիության հղումներ

Մեհրիբան Ալիևան այցելում է Մոսկվա


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, Մոսկվա, 21-ը նոյեմբերի, 2019թ․
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, Մոսկվա, 21-ը նոյեմբերի, 2019թ․

«Անդրկովկասի թագուհին՝ Մեհրիբան Ալիևան ժամանել է Մոսկվա»․ սա ռուսական Gazeta.ru-ի վերնագիրն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, ով նաև երկրի առաջին փոխնախագահն է, եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է: Այսօր նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այսօր Մոսկվայում մեկնարկում է նաև ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Վաղը Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի (ВДНХ) հայտնի կենտրոնում, կբացվի Ադրբեջանի տաղավարը: Ալիևան կմասնակցի նաև բացման արարողությանը:

Երեկ Մեհրիբան Ալիևայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հանդիպման ժամանակ Ալիևան շեշտել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են և նոր աճի ներուժ ունեն:

Այսպես, առևտուրը երկու երկրների միջև տարեցտարի աճում է՝ անցած տարի աճել է 19 տոկոսով և կազմել 2,6 միլիարդ դոլար, այս տարվա 9 ամիսների ընթացքում աճն արդեն 24 տոկոսով ավելի է:

Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը 4,9 միլիարդ դոլար է, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,2 միլիարդ դոլար:

Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի փետրվարին՝ 2016-ին երկրում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո: Նախկինում նման պաշտոն Ադրբեջանում չկար, և այն, ըստ էության, հատուկ նախագահի կնոջ համար է ստեղծվել: Այսօր գործող Սահմանադրության համաձայն՝ եթե Իլհամ Ալիևը ինչ-ինչ պատճառներով հրաժարական տա, նրա կինը պաշտոնապես կկարողանա կատարել երկրի ղեկավարի պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG