Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, կարելի է ասել, անցնում են հակահարձակման:
Մցխեթիի ընտրատարածքից ընտրված պատգամավոր Դմիտրի Խունդաձեն Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրենց պատգամավորների խումբը որոշել է անհապաղ ստորագրահավաք սկսել օրենսդրական փոփոխություններ կատարելու համար, որը ենթադրում է ամբողջությամբ անցնել մեծամասնական ընտրակարգի: Նա համոզմունք է հայտնել, որ ամենակարճ ժամկետում առաջարկությունը կներկայացնեն խորհրդարանին, որպեսզի 2020 թվականի ընտրություններն անցնեն միայն մեծամասնական ընտրակարգով: Խունդաձեն այդ ընտրակարգը ամենաընդունելին, ամենաժողովրդավարականն է համարում և նշել է, որ այն գործում է մի շարք եվրոպական զարգացած առաջատար երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում:
Վերջին օրերին Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների, բախումների պատճառն այն էր, որ ցուցարարները ցանկանում էին, պահանջում էին անցնել բոլորովին հակառակ ընտրակարգին՝ միայն համամասնական ընտրակարգով կատարել 2020 թվականի ընտրությունները: Այդ օրինագիծը խորհրդարանի տապալել էր նոյեմբերի 14-ին, և հենց նույն օրն էլ սկսվեցին բողոքի ակցիաները:
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու խոստումը տվել էր «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այս տարվա ամռանը՝ հուժկու ցույցերի ժամանակ, բայց հիմա արդեն նախագիծը տապալվեց խորհրդարանում, և, ընդդիմադիրների կարծիքով, դա կազմակերպել էր Իվանիշվիլին՝ խորհրդարանում մեծամասնություն ունեն և ցանկության դեպքում հանգիստ կարող էին ընդունել:
Ներկայիս դրությամբ Վրաստանի խորհրդարանում 150 պատգամավոր կա: Ընտրություններն անցկացվում են թե՛ կուսակցական ցուցակներով՝ համամասնական ընտրակարգով, թե՛ անհատապես առաջադրված թեկնածուներով՝ մեծամասնական ընտրակարգով: Երկու ընտրակարգերով ընտրված պատգամավորների քանակական տարբերությունը մեծ չէ՝ 77-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով:
Այս կարգը մնաց նաև 2020-ի ընտրությունների համար, իհարկե՝ եթե արտառոց որևէ բան չպատահի: Իշխանություններն արդեն ցրել են բողոքի ակցիաները և հայտարարել, որ հարցը փակված է: Ընդդիմությունը, այդուհանդերձ, մտադիր է Ռուսթավելի պողոտա վերադառնալ նոյեմբերի 25-ին: