Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։
Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը նշել է, որ տարբեր առիթներով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր, անդրադարձել են նաև մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին։
Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։