Թղթարարությունը, նրա խոսքով, շատ ժամանակատար է, իսկ գործարարները երկար սպասել չեն կարող․ - «Ես վարչապետին շատ հարգում եմ, դուք ինձ ճիշտ հասկացեք: Ինքը ուզում ա անել, բայց ես որ ասել եմ լիարժեք, որ ներդրումների համար այն պայմանները չկան: Ես ասել եմ՝ ներդրման համար հարկավոր ա հիմնականում, որ լինի մեկ պատուհան, որ ներդրողը եկել ա ասենք, մի հատ էլեկտրոցանցին, բնության պահպանությունից, էկոնոմիկայից, պաժարնիկից, օրգանից, հարկայինից, չգիտեմ մարզպետարանից թղթեր են պետք: Էդ քեզ պետք ա մի տարի: Մյուսը, Քուվեյթի թագաժառանգը, ասենք թե ուզում ա հյուրանոց կառուցի հինգ աստղ, տարի ու կես կանգնած ա»:
Այսօր Առինջում բացվեց Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Չերամիսա» գործարանը, բացման արարողությանը մասկացում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո:
Ծառուկյանն ասաց, թե կստեղծվի 500-1000 աշխատատեղ: Մինչև փետրվար նախատեսել են 300 աշխատատեղ բացել:
Ծառուկյանը դժգոհեց, թե լավ մասնագետների կարիք ունեն, Հայաստանում չեն գտնում․ - «Բոլոր աշխատողները, լավ մասնագետները, ինձնից լավ գիտեք, որ բոլորը մեկնել են Եվրոպա, Ռուսաստան աշխատելու: Էսօր ինչ ման ես գալի, չկա․․․ Հեռուստատեսությամբ կարող եք հայտարարել՝ ցանկացողները կարող են գալ, գործուղենք Իտալիա մեկ ամսով, իրենք սովորեն և գան աշխատեն»:
Գագիկ Ծառուկյանը կառավարության աշխատանքը հեղափոխական չէր համարում: Այնինչ օրեր առաջ գալիք տարվա բյուջեն Ազգային ժողովում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տնտեսական հեղափոխությունը թափ է առնում Հայաստանում, և հսկայական ներդրումներ կան: Ծառուկյանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է վարչապետի հետ, թե՞ նույն դիրքորոշմանն է:
«Ծառուկյանը ինչ ասում ա, իր դիրքորոշման վրա ա լինում: Ես տարվա սկզբին ասել եմ, որ այդ ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել: Կարող եմ գրել և ստորագրել: Եթե ցանկացած Հայաստանում տնտեսագետ կարող է գալ Ծառուկյանին ներկայացնի, որ այդ ծրագիրը տնտեսական է, կողմ քվեարկեմ, ասեմ ապրեք: Բայց այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանը էսօր ոչ թե անգիր ա արել տողերը, եկել ա, ուզում իրան ներկայացնի․․․ Ծառուկյանը զրոյից կայացած մարդ ա, որը լիարժեք, ամեն ինչ ձեռքը պուլսի վրա, գիտի: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է օրենքներ փոխել, պայմաններ ստեղծել ներդրողի համար՝ ավելի նպաստավոր ներդրողի համար, շահութաբեր ներդրողի համար, ավելի ուշադրություն ներդրողի համար: Պետք է լինեն հարկերի պակասում», - ասաց նա:
Գործարանի բացման արարողությանը մասնակցող Ծառուկյանին լրագրողներից մեկը հարցրեց՝ եթե բիզնեսը քաղաքականությունից տարանջատված է, ինչո՞ւ է նա հիմա Ազգային ժողովում:
Ծառուկյանը հարցից վրդովվեց․ - «Աչիկ ջան, դու ի՞նչ ես ավարտել, ես ուզում եմ իմանամ, կրթություն ունե՞ք Դուք․․․ Բա պետական համալսարան ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի: Դու լավ չես ավարտել, երևի ծանոթի միջոցով ես ավարտել․․․ Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, ես բոլորը տվել եմ կառավարման»:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը խուսափեց գալիք տարվա բյուջեի նախագծի մասին կարծիք հայտնել՝ ասելով, թե դեռ ուսումնասիրում են:
Հավելեց, թե այդ մասին իր կարծիքը կհայտնի Ազգային ժողովում․ - «Ուղարկել են, որ մենք ծանոթանանք: Մենք տվել ենք համապատասխան փորձագետներին, մասնագետներին, մեր պատգամավորներին: Մենք հիմա երկուշաբթի օրը կքննարկենք, և խորհրդարանում Ծառուկյանը ելույթ կունենա և կետ առ կետ կասի իր մոտեցումները, իր տեսակետը և ինչ է հարկավոր անել»: