Մատչելիության հղումներ

Շոյգու․ Ռուսական ռազմակայանը պատրաստ է ՀՀ ԶՈւ-ի հետ դիմակայել ծագող սպառնալիքներին


Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Շոյգուն հայտարարել է, որ Գյումրիրում տեղակայաված ռուսական 102-րդ ռազմակայանը մարտունակ է և պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Интерфакс-ի փոխանցմամբ՝ Շոյգուն շարունակել է․- «Մեր ռազմական գերատեսչությունների փոխգործակցության մակարդակը թույլ է տալիս օպերատիվ լուծում տալ ընթացիկ խնդիրներին և ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին»:

Ըստ Հայաստանի կառավարության լրատվական ծառայության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և հավելելով, որ Շոյգույի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հայաստանյան այցն այսօր մեկնարկեց Գյումրիից, ուր ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ ունեցած քննարկումների, որից հետո Երևանում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվեց համագործակցության 2020 թվականի ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության լայն շրջանակ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Տոնոյան - Շոյգու բանակցությունների ավարտից հետո «Ազատությանը» մանրամասնեց, որ ձեռք բերված պայմանավորվածութունները թույլ կտան գալիք տարի շեշտակի ավելացնել հայ-ռուսական համատեղ զորավարժությունների քանակը:

«Քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության լայն սպեկտրի հարցեր՝ ռազմակրթական ոլորտ, մարտական պատրաստության զորքերի և զորախմբերի փոխհամագործակցություն, ռազմատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին, որոնք բոլորը դինամիկորեն զարգանում են և խորացվում են տարեցտարի», - ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ 2020 թվականի համագործակցության ծրագրի կնքումից հետո ուղենշվեցին գալիք տարի և հետագայում իրականացվելիք ծրագրերը։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ 2020-ին չի լինելու մի ուղղություն, որն առանձնացվի մյուսներից, այսինքն՝ բոլոր ծրագրերն ավելի խորը զարգացում կստանան։

«Ընդգծված օրինակ՝ մարտական պատրաստության համատեղ զորավարժությունները, զորախաղերն շեշտակիորեն ավելացվելու են մյուսներից, բայց բոլոր ուղղություններով էլ ունենալու ենք առաջընթաց դինամիկա», - պարզաբանեց ՊՆ մամուլի քարտուղարը։

Շոյգույի այցի նախօրեին՝ երեկ, Հայաստան էր ժամանել Ռուսաստանի զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը:

Արծրուն Հովհաննիսյանին «Ազատությունը» հարցրեց, թե արդյոք այդ պատվիրակության այցը կապված է Су-30СМ-ների գնման հետ: Սպասվում է, որ այս տարվա վերջին կամ գալիք տարվա սկզբին Մոսկվան Երևանին կմատակարարի 4+ սերնդին պատկանող այդ կործանիչները:

«Մատակարարումները, ըստ ուղենշված պլանի, սպասվում են 2019 թվականի ավարտին կամ 2020-ի առաջին ամիսներին: Ինչ վերաբերում է համապատասխան պաշտոնյաների այցին, դա միայն սպասվելիք Су-30СМ-ների մասով չէ, այլ ընդհանրապես օդային տարածքների օգտագործման, անվտանգության կանոնների զարգացման, սեփական յուրային տեխնոլոգիաների զարգացման, թռիչքների կարգավորման վերահսկողության տեխնոլոգիաների մասով է, որը ամեն տարի բարելավվում է, և ամեն տարի պլանների հստակեցում է տեղի ունենում ռուսական կողմի հետ», - պատասխանեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե Տոնոյան - Շոյգու հանդիպման ժամանակ հայկական կողմի համար ՌԴ-ից նոր զինատեսակների ձեռք բերման մասին խոսվել է, թե ոչ։

Ի դեպ, Տոնոյան - Շոյգու այսօր հանդիպմանը ներկա են եղել սահմանափակ թվով լրատվամիջոցներ: «Ազատությունը» ևս չէր հրավիրվել լուսաբանելու այդ հանդիպումը:

Հայաստանից Ռուսաստանի պաշտպանության նախարարը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու:

XS
SM
MD
LG