Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:
Ըստ հաղորդման՝ տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ և հիմնավորվել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդով փաստացի ձեռք է բերվել Թովմասյանի կողմից։
Սահմանադրական դատարանի մամուլի բաժնից «Ազատություն»-ը փորձեց ստանալ ՍԴ նախագահի արձագանքը այս քրեական գործին, այնտեղ հայտնեցին, որ Թովմասյանն այժմ արձակուրդում է գտնվում․ - «Այդ իսկ պատճառով, խնդիրներ կարող են առաջանալ զուտ իր հետ կապի տեսանկյունից»:
«Ազատությունն» այցելեց նշված տարածք, որտեղ գործում է միանգամից 3 նոտարական գրասենյակ։ Նոտարները հրաժարվեցին տեսախցիկի առջև մեկնաբանություն տալուց, սակայն հայտնեցին, որ տարածքը վարձակալում են մասնավոր սեփականատիրոջից, թե ումից, փակագծերը չբացեցին՝ նշելով, որ գործը նախաքննության փուլում է, որևէ հարցի չեն կարող պատասխանել:
Իր հերթին, երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը ևս հայտնեց Արդարադատության նախարարությանն առնչվող քրեական գործի մասին՝ առանց անուններ նշելու, թե ովքեր են այս գործով անցնող կասկածյալները, սակայն քննչական գործողությունները մասամբ վերաբերում են նաև Թովմասյանի պաշտոնավարման տարիներին։
Ըստ այս հաղորդագրության՝ բացահայտել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015 թվականների ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու դեպքեր, որոնք առնչվում են շինարարական աշխատանքներին, ինչպես նաև նախարարության վարորդին նաև այլ պաշտոններում գրանցելուն, ինչի հետևանքով դուրս է գրվել վարորդի աշխատավարձից շուրջ 1 միլիոն 841 հազար դրամով ավելի գումար։
Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ քանի դեռ անուններ նշված չեն, իրենք էլ չգիտեն, թե այս քրեական գործը ինչ նախկին կամ ներկայիս պաշտոնյաների է առնչվում։
Զուգահեռ Հատուկ քննչական ծառայությունում ընթանում է իշխանությունը զավթելու հոդվածով հարուցված քրեական գործի քննությունը, որում այժմ 2 անձ է ներգրավված որպես մեղադրյալ՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Սակայն, բուն քրեական գործը վերաբերում է տարբեր խախտումների միջոցով Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ մինչև 2040 թվականը դառնալուն օժանդակելուն։
Չնայած 3 տարբեր քրեական մարմիններում հարուցված գործերին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները, ինչպես նաև «Քաղաքացիական պայամանագրի» մյուս ներկայացուցիչները հրաժարվում են Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը դիտարկել քաղաքական համատեքստում։
ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը համարում է, որ այդ պրոցեսը իրավական է։ «ՀՀ-ում նմանատիպ տասնյակ և հարյուրավոր պրոցեսներ են տեղի ունեցել։ Ես չեմ տա դրան քաղաքական գնահատական, դա բացառապես իրավական հարթությունում է», - նշեց նա։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել տեսակետները, թե Հրայր Թովմասյանի հանդեպ կազմակերպված արշավ է տեղի ունենում։
«Շատ լուրջ հարցեր կան, շատ լուրջ հարցադրումներ կան՝ օրինականության հետ կապված: Ինչ վերաբերում է մնացածին՝ ես զերծ կմնամ մեկնաբանություններից, որովհետև փաստացի իրավական գործընթաց է տեղի ունենում, և չեմ ուզում խառնվեմ կամ որևիցե մեկին առիթ տալ: Ես հենց խոսում եմ, ասում են՝ հեսա, ճնշում են, չէ՞, գործադրում, և այլն, և այլն, և այլն, բնական է՝ ելնելով իրենց տրամաբանությունից և իրենց սեփական փորձից: Դրա համար, այս փուլում զերծ կմնամ այդ հարցին շարունակել պատասխանելուց», - հայտարարեց Սիմոնյանը:
«Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով, իշխանությունը կենտրոնացել է Հրայր Թողմասյանի վրա, ինչը քաղաքական հետապնդում է հիշեցնում։
«Ի՞նչն էր խանգարում ամիսներ առաջ քրեական գործ հարուցել, եթե փաստերը բավարար էին։ Իշխանությունն այս մարտավարությունն է ընտրել՝ մի հատ հարվածի, տեսնի, թե ինչպես է պատասխանում, հետո մի ուրիշ բան մտածի, բայց ո՞ւր մնաց ամոթը, պետության հեղինակությունը, չէ՞ որ այդ ամենի ինչի մասին ամբողջ աշխարհը տեղեկանում է։ Եթե Հրայր Թովմասյանը հանցագործ է, պիտի պատժվի, ցանկացած անձ՝ սկսած ինձնից, եթե հանցագործ է, պիտի պատժվի, բայց այստեղ արդեն տպավորություն է, որ ամեն գնով իշխանությունները ցանկանում են Հրայր Թովմասյանին գահընկեց անել», - ընդգծեց պատգամավորը: