Մատչելիության հղումներ

Կենտրոն համայնքի բնակիչները հիմնականում գոհ են Վիկտոր Մնացականյանի մեկամյա գործունեությունից


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը կարծում է, որ երեկ հրաժարական ներկայացրած Կենտրոնի թաղապետին պետք է փոխարինի նույն հայեցակարգն ունեցող, վարչական շրջանի զարգացման տեսլական ունեցող անձ:

Ըստ Աբգարյանի՝ Վիկտոր Մնացականյանն իր աշխատանքի մեկ տարում լավ հիմքեր է դրել և հաջորդի համար պետք է հեշտ լինի․ - «Նա պետք է պահի այն սկզբունքները նույն սկզբունքները: Առաջին սկզբունքը հենց հանրային շահը գերակա համարելն է»:

Ուղիղ մեկ տարի առաջ Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած Մնացականյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել իր հրաժարականի միասին՝ մասնավորապես նշելով, թե որևէ քաղաքական դրդապատճառ չունի, իր որոշումն անձնական է, իսկ հրաժարական է ներկայացրել, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ՝ այդկերպ ավելի օգտակար լինելով Երևանին։

«Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել, ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել», - գրել է Մնացականյանը։

«Ազատության» հարցմանը մասնակցած քաղաքացիները Մնացականյանի մեկ տարվա աշխատանքից հիմնականում գոհ են:

Հնչեցին այսպիսի կարծիքներ․

«Ինքը լուրջ անձնավորություն էր, բանիմաց: Ինքը հենց ժողովրդի մեջ էր և ոչ մի բանով չէր տարբերվում»:

«Նկատում եմ, որ որոշակի աշխատանք տարվում է, մանավանդ մաքրության առումով՝ աղբարկղերը շատացան, պուրակները հավաքվեցին»:

«Փոփոխություն կա, իհարկե: Թե՛ մաքրությունով, թե՛ Օպերայի մոտի կաֆեները հանեցին: Որպես մարդ ես իրան հարգում եմ»:

Շատերը Մնացականյանի պաշտոնավարման մեկ տարվա ամենանշանակալի իրադարձությունը Օպերայի շենքի հարևանությամբ կառուցված որոշ սրճարանների ապամոնտաժումը համարեցին:

Մնացականյանից առայժմ հավելյալ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Մնացականյանի հրաժարականի դիմումը դեռ չի մակագրվել, նա դեռևս շարունակում է պաշտոնավարել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG