Մատչելիության հղումներ

Հոկտեմբերից Գյումրիում ավտոմաքսատան նոր շենքի շահագործումը իրատեսական չէր. ՊԵԿ նախագահ


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 16-ը հոկտեմբերի, 2019թ․
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 16-ը հոկտեմբերի, 2019թ․

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով ամիսներ առաջ հայտարարել էր, որ արդեն հոկտեմբերից Գյումրիում շահագործման կհանձնվի ավտոմաքսատան նոր շենքը, այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ նման կարճ ժամանակում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցումն, ըստ էության, ոչ իրատեսական է եղել:

«Շինարարներն ինձ դրա մասին ասացին վերջում, ոչ թե սկզբում, շատ դեպքերում նաև քաշվելով, որովհետև մեր ծրագրերը և ցանկությունները շատ ավելի ամբիցիոզ էին, քան շինարարների կարողությունները։ Հիմա մենք 24-ժամյա ռեժիմով ենք այնտեղ աշխատում», - նշեց Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք, որ ավտոմեքենաների մաքսազերծումը Երևանից տեղափոխվում է Գյումրի: Թեև նոր շենքը դեռ շահագործման չի հանձնվել, բայց արդեն հոկտեմբերի 14-ից Գյումրիի մաքսատան հին շենքում մեկնարկել է Ճապոնիայից, Վրաստանից բերված մեքենաների մաքսազերծման գործընթացը:

Անանյանն ասում է՝ զարգացման ծրագրով նախատեսվում է ունենալ երկու արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, մեկը Հայաստանի հյուսիսում՝ Գյումրիում, մեկը հարավում՝ Սիսիանում:

«Կենտրոնների շահագործման պահից, իսկ դրանք մենք կանխատեսում ենք կամ նախատեսում ենք, որ երեք տարվա ընթացքում պետք է կատարենք, պետք է կենտրոնացվեն արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող, այսինքն՝ ներմուծում և արտահանում իրականացնող բոլոր տնտեսվարողներին առնչվող բոլոր պետական մարմինների բոլոր գործառույթները մեկ պատուհանի սկզբունքով», - ասաց ՊԵԿ նախագահը։

Անանյանը հայտնեց՝ ապագայում Երևանում մաքսային ծառայություն չի լինելու, չնայած հիմա Երևանի մաքստանն է իրականացվում բոլոր մաքսային ձևակերպումների շուրջ 80 տոկոսը: ՊԵԿ նախագահի խոսքով, նման քայլի գնալով նպատակ ունեն տարածքային զարգացման ծրագիր իրականացնել:

«Սա կառավարության ծրագիրն է, որը ՊԵԿ-ի միջոցով է իրականացվում, պատկերացրեք, որ Երևանից բեռնաթափվում է ամբողջ բիզնեսը և գնում է հյուսիս ու հարավ, սրանից հետո եկեք մի հատ կախման կետ դնենք ու բոլորս մեր պատկերացումներով պատկերացնենք, թե ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության համար», - ընդգծեց Դավիթ Անանյանը։

Մաքսատան տեղափոխումը Գյումրի մինչդեռ ավտոներկրողների սրտով չէ, նրանցից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ձմռանը Գյումրի գնալ-գալը բարդ է ու վտանգավոր, իսկ այն հարցին, թե չեն կարող մեքենաները բերել Բավրայի անցակետով, որտեղից Գյումրի 50 կմ-ից մի փոքր ավելի է, արձագանքեց՝ այդ ճանապարհը լավ վիճակում չէ։

«Իրանք ընդհանրապես ձեռներեցությունից, մեր իրավիճակից հեռու մարդիկ են, վարչապետը մեկ անգամ եկել է ավտոմաքսատուն, ասենք ՊԵԿ-ի ղեկավարներն եկել են, իրանք կյանքում ավտոշուկա չեն եկել, մեր դարդերից չեն խոսացել, Վրաստան չեն եկել, ճանապարհները չեն տեսել, չեն ասում, որ ինչ է կատարվելու ձմռանը այդ ճանապարհին», - նշեց Հավհաննիսյանը։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ այլ քաղաքներում մաքսազերծողները գալու են Գյումրի, ծանրաբեռնվածությունը մեծ է լինելու. «10 օրից կտենաք, 14-ին բացվել է՝ գնացեք 24-ին Գյումրի»։

Ավտոներկրողները վստահ են՝ ինչպիսի հերթեր Նորագավիթի մաքսատանն էին լինում, կլինեն նաև Գյումրիում։ Նրանք ասում են՝ ԵԱՏՄ կարգավորմամբ մեքենաների մաքսազերծման դրույքաչափերի փոփոխությունից հետո իրենք միևնույն է չեն օգտվելու արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնից, մեքենաներ կբերեն ԵԱՏՄ տարածքից մաքսազերծման քաշքշուկից էլ կխուսափեն։

Դավիթ Անանյանն, ի դեպ, այսօր անդրադարձավ ներկրողներին հուզող մեկ այլ խնդրի, ըստ ՊԵԿ նախագահի, օրենսդրությունը մի գործիք ունի, որի միջոցով հնարավոր կլինի, հունվարի ընթացքում մեքենայի հասնելու դեպքում վճարել ներկայիս դրույքաչափերով։

Հիշեցնենք, որ դրանք հունվարի 1-ից հին արտադրության մեքենաների համար մի քանի անգամ բարձրանալու են։ Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է դեկտեմբերի ընթացքում հայտարարագրել մեքենան, բայց այս գործիքից կկարողանան օգտվել միայն այն ներկրողները որոնք հարկային դաշտում են գործում։ Այսինքն խոսքը չի վերաբերում սեփական օգտագործման համար մեքենա պատվիրած քաղաքացիներին։

Ավտոներկրողներին այս նորությունը գոհացնում է, բայց ասում են, որ ցանկալի կլիներ, որ դրանից կարողանային օգտվել ոչ միայն իրավաբանական անձինք։

Անանյանն ասուլիսի ընթացքում մի շարք թեմաների էլ անդրադարձավ, ՊԵԿ նախագահը խոսեց հիփոթեքի միջոցով եկամտահարկի վերադարձի, մասնավորապես բնակարանների ձեռք բերման ծրագրերի մասին։ Պաշտոնյայի խոսքով՝ պետությունը պետք է հասկանա դրանով սոցիալական խնդիր է լուծում, թե աջակցում է բիզնեսի զարգացմանը։

«Եթե դա սոցիալական ուղղվածություն ունի, ապա այդ գործիքը պետք է գործի, եթե դա բիզնեսին աջակցելու գործիք է, ապա ես որպես տնտեսագետ ասեմ, որ դա լավ գործիք չի և դա էն բիզնես-ոլորտը չի, որ պետությունը պետք է պետական բյուջեից օժանդակեր, էստեղ պետք է ուղղակի մենք իրար հետ գանք համաձայնության, եթե մենք բոլորս համաձայնում ենք, որ դա սոցիալական ուղղվածություն ունի և արժի էս ծրագիրն իրականացնել, ուրեմն պետք է որոշակի սահմանաչափերը վերանայել, օրինակ՝ արդյոք 55 միլիոն դրման է սոցիալական խնդիր լուծելու առումով այն լավագույն շեմը։ Իմ կարծիքով՝ ոչ, ավելի կլիներ, որ էդ շեմը լիներ 35 միլիոն», - նշեց ՊԵԿ նախագահը։

Անանյանը հավելեց՝ այս թեման բարձրացնելու է կառավարությունում։

XS
SM
MD
LG