Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առաջադրված մեղադրանքի փոփոխման ու լրացման առնչությամբ:
«Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանի Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Համաձայն փաստական տվյալների, շարունակում է ԱԱԾ-ն, Վարդանյանը, «նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր»:
Նշելով, որ հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, մեղադրյալի նկատմամբ նախկինում որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը, Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է՝ «նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար:
Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է «առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն», 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը՝ «յուրացնելուն կամ վատնելուն, որը կատարվել է առանձնապեշ խոշոր չափերով», և 325-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Հիշեցնենք՝ Արա Վարդանյանի պաշտպանները տեղեկացրել էին, որ իրենց պաշտպանյալին նոր մեղադրանք է առաջադրվել յուրացման հոդվածով: Փաստաբաններն անհիմն են համարում Վարդանյանի կալանավորման որոշումը և պատրաստվում են բողոքարկել այն: