Մատչելիության հղումներ

Զանգվածային ցույցերի պատճառով Էկվադորի կառավարությունը լքել է մայրաքաղաք Կիտոն


Էկվադոր - Ցուցարարների և ոստիկանության բախումը մայրաքաղաք Կիտոյում, 3-ը հոկտեմբերի, 2019թ․
Էկվադոր - Ցուցարարների և ոստիկանության բախումը մայրաքաղաք Կիտոյում, 3-ը հոկտեմբերի, 2019թ․

Ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերն ու խորհրդարանը:

Էկվադորում գրեթե մեկ շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերի պատճառով երկրի կառավարությունը մայրաքաղաք Կիտոյից տեղափոխվել է այլ քաղաք: Ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերն ու խորհրդարանը: Շրջափակումները վերացնելու նպատակով Էկվադորի նախագահ Լենին Մորենոն կառավարական շենքերին հարող շրջաններում պարետային ժամ է սահմանել: Ուժայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

Զանգվածային ցույցերի պատճառը վառելիքի գների կրկնակի թանկացումն է, որը տեղի ունեցավ, երբ կառավարությունը որոշեց դադարեցնել վառելիքի շուկայի սուբսիդավորումը: Մորենոն հայտարարել է, որ այդ քայլը անհրաժեշտ է՝ զսպելու համար ֆինանսական ահռելի դիֆիցիտը, որն առաջացել է նախկին իշխանությունների վարած ձախակողմյան քաղաքականության պատճառով:

Էկվադորը Արժույթի միջազգային հիմնադրամից բազմամիլիարդանոց վարկեր է վերցրել, ու հիմա կառավարությունը կրճատում է պետական ծախսերն ու սուբսիդավորումները:

Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը: Մորենոն ընտրվել է 2,5 տարի առաջ: Երեկ երեկոյան նա հայտարարել է, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, քանի որ երկրի զարգացման համար ճիշտ որոշում է կայացվել:

Կառավարությունն ասել է, թե բաց է ՄԱԿ-ի կամ Կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ բանակցությունների համար՝ հարթելու իրավիճակը:

Զանգվածային բողոքի ակցիաները Լենին Մորենոն համարել է հեղաշրջման փորձ, որն, ըստ նրա, հրահրում են Էկվադորի նախկին նախագահը, ինչպես նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նրա մեղադրանքները երկուսն էլ հերքում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG