Հինգերորդ սերնդի բջջային կապը՝ կամ 5G տեխնոլոգիան, առանցքային տեխնոլոգիական հարթակ է, որը գալիս է փոխարինելու Հայաստանում տարածված 3G և 4G ցանցերին և խոստանում է կապի հեղափոխական արագություն, գաղտնալսումներից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ, կապի ավելի մեծ խտություն:
Ենթադրվում է, որ 5G տեխնոլոգիան կապահովի միլիարդավոր սարքերի մուտքը ինտերնետ և հնարավոր կդարձնի այսպես ասած՝ «Ինտերնետային սարքերի» աշխարհը, որտեղ ավտոմեքենայից մինչև միկրոալիքային վառարան կաշխատեն օնլայն ռեժիմով ու պատրաստ կլինեն կատարելու իրենց տիրոջ ցանկացած հրաման՝ աշխարհի ցանկացած կետից:
Հեղահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Էրիքսոնի» Եվրոպայի և Լատինական Ամերիկայի տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեզը, ով Հայաստանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով, փաստում է՝ այս տեխնոլոգիան մեծ արագությամբ տարածվում է Արևելյան Ասիայում, Միացյալ Նահանգներում, իսկ առաջիկա 1.5-2 տարիների ընթացքում ակնկալվում է նաև 5G ցանցերի տարածումը Եվրոպայում և մեր տարածաշրջանում:
«Եվրոպայի դեպքում այս գործընթացը մի փոքր ավելի դանդաղ է ընթանում, բայց ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մենք կտեսնենք դա նաև Արևելյան Երվոպայում: Հավանաբար առաջիկա 1.5-2 տարվա ընթացքում այս տեխնոլոգիան կտեսնենք նաև աշխարհի այս հատվածում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Խավիեր Գարսիա Գոմեզը:
«Էրիքսոն» ընկերության ներկայացուցիչը վստահ է՝ եթե Հայաստանը իսկապես լրջորեն է տրամադրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հարցում, եթե Հայաստանում մտադիր են զարգացնել արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը, երկիրը պետք է ներդրում կատարի 5G տեխնոլոգիաների զարգացման մեջ․ - «Եթե, օրինակ, Եվրոպան հետ մնա 5G տեխնոլոգիայում ներդրում կատարելու հարցում, դա կազդի մեր արդյունաբերության մրցակցային կարողությունների վրա՝ համեմատած Ասիայի, համեմատած Ամերիկայի հետ: Այնպես որ, սա միայն արագ ինտերնետի տեխնոլոգիա չէ, սա ազդելու է տնտեսության մրցակցայնության վրա ողջ առաջիկա հարյուրամյակում»:
Հայաստանյան բջջային օպերատորները՝ Ucom-ը, Վիվասել-ՄՏՍ-ը և Բիլայնը, «Ազատության» հետ զրույցներում պնդեցին՝ հայաստանյան շուկան դեռևս պատրաստ չէ 5G ցանց ներդնելու:
Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը հիշեցնում է՝ 4G տեխնոլոգիաների ներդրման հարցում էլ Հայաստանն առաջատարներից էր: - «Եղել ենք թոփ 11 երկրների շարքում, ով նման ծառայություն է տրամադրել», - վստահեցրեց Եսայանը:
Ինչ վերաբերում է 5-րդ սերնդի ցանցին, Ucom-ի տնօրենը վստահ է՝ ի վերջո ցանկացած պարագայում գնալու ենք ցանցի տրանսֆորմացիային, պարզապես հայաստանցիները դեռևս պատրաստ չեն մասսայաբար ձեռք բերել նորագույն, թանկարժեք հեռախոսներ, որոնք կկարողանան աշխատել հինգերորդ սերնդի ցանցում․ - «Պիլոտային տարբերակ՝ այո՛, այսօր էլ կարող ենք անել: Օրինակ՝ 5G-ի առավելությունը արագությունն է լինելու բաժանորդի համար, որովհետև այսօր մյուս լուծումները, որ 5G-ն տալիս է այսօր՝ բաժանորդը դրա կարիքը չունի: Այսօր մենք Երևան քաղաքի կենտրոնում մինչև 1 Gbit թողունակություն ունենք wireless-ի, որից քիչ հեռախոսներ են տեխնիկապես պատրաստ օգտվել: Ինչ վերաբերում է՝ 5G-ին, ընդհանրապես ցանցում դեռևս չկան հեռախոսներ, որոնք կարող են 5G ընդունել: Մինչև այս փոփոխությունը չլինի․․․ դա գալիս է սոցիալակն իրավիճակից և հեռախոսների փոխելիության ժամկետի մեծությունից Հայաստանում»:
Հայկ Եսայանը, միևնույն ժամանակ, նշում է՝ Հայաստանում լրջորեն քննարկվում է նոր սերնդի ցանցին անցման հնարավորությունը:
«Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իմ ունեցած ինֆորմացիայով, բավականին բուռն կերպով քննարկում է 5G մոդելները: Վստահ եմ, որ ճիշտ լուծում կգտնեն», - նշեց Եսայանը: