Մատչելիության հղումներ

Հովհաննես Թամամյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել


Ինչպես «Ազատությանը» փոխանցեց քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանին:

Աղբյուրը չհստակեցրեց, թե ինչ հոդվածներ է առաջադրվել մեղադրանքը:

Ինքը՝ Թամամյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց այդ լուրը: Իսկ ՀՔԾ նախագահի մամուլի խոսնակը փոխանցեց՝ չենք մեկնաբանում:

Թամամյանը նախկինում դատապարտվել է սպանության և սպանության փորձի գործով քննության փաստերը խեղաթյուրելու, իրական հանցագործներին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու և հանցագործությունների իրական հանգամանքների բացահայտման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար։ Խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է: Սարգսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը թերահավատ է, թե դատախազությունն ու ՀՔԾ-ն ի զորու են Մարտի 1-ի գործը ողջ ծավալով քննել:

Նրա կարծիքով, նաև ինֆորմացիայի արտահոսքն է սասանում այդ վստահությունը․ - «Այդ նույն արտահոսքը տեղեկությունների գալիս է հաստատելու, որ դեռևս տարբեր ուժեր ներսում մարդիկ ունեն, ովքեր իրենց փակ տեղեկատվություն են տրամադրում: Սա նշանակում է նաև, որ այդ ներսում եղած մարդիկ կարող են, օրինակ, Վահագն Հարությունյանի նման ապացույցներ կեղծել, օրինակ, կարող են անհրաժեշտ վկաներին բավարար չհարցաքննել»:

Նախորդ շաբաթ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում ասված է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական՝ 2008-ի հուլիսից ոստիկանության պետի տեղակալ, արդեն հանգուցյալ Գևորգ Մհերյանը մի խումբ բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ պարտակել են Մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցագործությունների հետքերը:

Ըստ այդ հաղորդագրության, Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր՝ նպատակ ունենալով օրինական տեսք տալ Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակի նստացույցը ցրելուն, դրա մասնակիցներին բռնությամբ տարհանելուն ուղղված գործողություններին:

Ըստ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են Մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, փորձագետների փաստահավաք խմբին։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը նույնպես հրաժարվեց հարցազրույցից, բայց հաստատեց, որ հարցաքննվել է:

Անդրադառնալով հետին թվով փաստաթուղթ ստորագրելու մասին ՀՔԾ-ի հաղորդագրությանը՝ ասաց, թե ՀՔԾ էր գնացել մի փաստաթղթի պատճառով․ - «Մի հատ փաստաթուղթ էի հետո ստորագրել, մի հատ որոշում, ստից փաստաթուղթ, էդ փաստաթուղթը հետո ես լրացրել, թե էսօր ես լրացել, ի՞նչ տարբերություն: Մեղադրանք կառաջադրվի, բայց չգիտեմ երբ»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մտավախություն ունի, որ Մարտի 1-ի գործով ցուցմունք տված վկաների անվտանգությանունը պատշաճ չի ապահովվում՝ օրինակ բերելով նախկին ոստիկանապետի դեպքը, ում դին օրերս գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր իր առանձնատանը:

«Որպես փաստաբանի, ինձ մոտենում են տարբեր մարդիկ, ովքեր տեղեկատվություն ունեն, օրինակ, նույն Մարտի 1-ով: Ես հիմա չեմ կարող տալ իրենց անունները, որովհետև իրենք ինձ դիմել են որպես փաստաբանի: Մարդիկ ասում են, որ տեղեկատվություն ունեն, բայց չեն ուզում հայտնել դա անգամ այսօր ՀՔԾ-ին, որովհետև վստահ չեն, որ Հայկ Հարությունյանի ճակատագրին չեն արժանանա: Հիմա այս մարդկանց անվտանգությունը ո՞նց պիտի ապահովեն: Ինչո՞ւ է այս անհանգստությունը: Որովհետև ինֆորմացիայի արտահոսք է լինում, որովհետև մարդիկ, ում պիտի մեղադրանք առաջադրվի, հանկարծ կորում են Հայաստանից՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հանկարծ անհայտանում են, պարզվում է, որ իրենք անձեռնմխելի են: Ինչ-որ մի մասի համար ինչ-որ շատ կոմֆորտ պայմաններ են ապահովվում, և դա աչքաթողությամբ է լինում նաև դատախազության, Հատուկ քննչական ծառայության»:

XS
SM
MD
LG