Մատչելիության հղումներ

«Հայաստանի էներգետիկ համագործակցությունը Իրանի հետ չպետք է խոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը»․ Փաշինյան


«Հայաստանը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը դառնա արդյունավետ կառույց», - այսօր Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ ընգծելով, որ երեկ ունեցած հանդիպումների արդյունքում գագաթնաժողովի մասնակից երկրների հետ Հայաստանի հարաբերությունները նոր, դրական լիցք կստանան:

Վարչապետն ընդգծեց, որ միայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տևել է երեք ժամ:

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խնդրանքով անդրադարձավ նաև երեկ միկրոավտոբոսում մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հետ արված հայտնի սելֆիիին՝ ասելով, թե արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, պարզապես նկարվել են:

«Քաղաքական առումով, ըստ էության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել: Այս միջոցառումը այս մասշտաբներով կազմակերպելը մեր կողմից, կարծում եմ, ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը դառնա ավելի արդյունավետ կառույց: Ինչ վերաբերում է սելֆիին, այդտեղ պատմելու ի՞նչ կա, նկարվել ենք: Դա ընդունված պրակտիկա է, երբ որ ղեկավարները միասին պետք է ինչ-որ միջոցառման մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»:

Միքայել Զոլյանը հարցրեց, թե ինչու Ալեքսանդր Լուկաշենկոն չկա այդ լուսանկարում:

«Բելառուսի նախագահի վերաբերյալ կարող եմ ասել, որ, ցավոք սրտի, նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել, իհարկե՝ ոչ երեկ, և որոշակի միջոցառումներ կար, սգո միջոցառումներ, որոնց նա պետք է մասնակցեր, և դրա համար մի փոքր ավելի վաղ մեկնեց Հայաստանից», - պատասխանեց վարչապետը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է երկկողմ մեր հարաբերություններին, կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերների հետ մեր հարաբերությունները այս քննարկումների, հանդիպումների ընթացքում նոր, պոզիտիվ լիցք կստանան միանշանակ: Կարող եմ ասել նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում եմ ունեցել: Ընդհանուր առմամբ մոտավորապես երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոխանցեց քաղաքացիներից մեկի հարցը, թե ինչու են նախկին իշխանությունների Սահմանադրությունը, Ընտրական օրեսնգիրքը, սուպերվարչապետական համակարգը, նախկինների «կարմիր գծերն» ու արագաչափերը, կատարվող գաղտնի ծախսերը, Ամուլսարը և մի շարք այլ խնդիրներ պահպանվում:

Ուրիխանյանի հարցին, թե ինչ պատասխանի այդ քաղաքացուն, Փաշինյանը խորհուրդ տվեց պատգամավորին նեղություն չքաշել, որովհետև իրենք պատասխանում են քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին․ - «Ինչ վերաբերում է գաղտնի ծախսերին: Այսինքն ի՞նչ եք ուզում: Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չկա՞: Ուր գնում ենք, սելֆի ենք անում, ուղիղ եթեր ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն բոլոր ծախսերը, որ արվում են, այդ բոլոր ծախսերը արվում են հիմնավորված: Էլի Ամուլսար եք ասում: Ամուլսարի մասին ժամերով, կիլոմետրերով խոսել ենք: Այդ հարգելի քաղաքացուն ասեք, թող Ձեզ հարց չտա: Այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են, և այդ բոլոր հարցերին մենք պատասխանում ենք: Ես հասկանում եմ, որ Դուք հարցերին պատասխանելիս դժվարություններ եք ունենում, թող Ձեզ քաղաքացիները չծանրաբեռնեն այդպիսի հոգսերով»:


«Ձմեռային ամիսներին գազի գինը չի թանկանա»․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրացրեց գազի սակագնի հնարավոր թանկացման հարցը՝ շեշտելով, որ առջևում ձմեռ է․ արդյո՞ք հնարավոր է, որ դեկտեմբերին քաղաքացիները անակնկալ տեղեկանան, որ գազը թանկացել է:

Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբերին հայտարարեն, թե սակագինը բարձրանում է:

«Չի կարող ձմեռային ամսիներին գազը թանկանալ», - շեշտեց փոխվարչապետը՝ հավելելով, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են: - «Վստահ եմ, որ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամսին ստիպված կլինենք քննարկում կազմակերպել և հայտարարել, որ հունվարի 1-ից սակագինը բարձրանում է: Սա միանշանակ կարող եմ ասել: Ինչ պայմանավորվածություն էլ որ լինի, վստահ եմ, որ ինքը չի լինի իմպլեմենտացման ենթակա հաջորդ օրվանից կամ հաջորդ ամսից կամ նույնիսկ երեք ամիս հետո: Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամսիներին»:

Ի դեպ, էներգետիկ խնդիրներին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Իրանից գազի ներմուծման ծավալների աճ, Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը ցանկություն ունի ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Իրանի հետ, բայց դա այնպես պետք է անել, որ այն չխոչընդոտի Հայաստանի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը:

«Այս խնդիրը բազմաթիվ նրբությունները ունի, որոնց վրա պետք է աշխատել», - նշեց վարչապետը:

«Կառավարությունը միակողմանի խզում է Հյուսիս-հարավի» գլխավոր կապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանագիրը»․ փոխվարչապետ Տիգրան Ավինյան


Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև «Հյուսիս - հարավ» ծրագիրը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը շեշտեց, որ, օրինակ, ճանապարհի Աշտարակ - Թալին հատվածում շինարարական աշխատանքները մեկ տարի է դադարեցված են, և կիսատ ճանապարհների պատճառով վթարներ են տեղի ունենում, ինչի հետևանքնով արդեն 10 մարդ զոհվել է:

Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան


Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե այս պահին կառավարությունը միակողմանիորեն խզում է «Հյուսիս-հարավի» գլխավոր կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանագիրը՝ այդ կերպ փորձելով արագացնել ճանապարհի կառուցման աշխատաննքերը:

««Կորսան Կորվիամ» ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով, և մենք այս պահի դրությամբ միակողմանի խզել են, պայմանագրի խզման պրոցեսում ենք, և ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք այս պրոցեսով նաև արագացրել ենք ճանապարհի հնարավոր կառուցման պրոցեսները, որովհետև փաստացի դեպի սնանկություն գնացող ընկերությունը ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել: Այս պահի դրությամբ քննարկում ենք մեր միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով ենք առաջնորդվելու: Ամենայն հավանականությամբ մեկ լոտով դա դրվելու է մրցույթի»:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ Լարսի անցակետում իրավիճակը կարգավորվում է

Լարսի անցակետում տիրող իրավիճակի մասին հարց ուղեց «Իմ քայլից» պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շեշտելով, որ հազարավոր վարորդներ օրեր և շաբաթներ շարունակ չեն կարողացել հատել սահմանը: Ի՞նչ քայլեր է կառավարությունը ձեռնարվում խնդիրը լուծելու համար , հատկապես որ առջևում ձմեռ է:

Էկոնոմիկայի Նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե կա օրենսդրական պահանջ մեքենաների բեռնվածության վերաբերյալ, համաձյան որի տրանսպորտային միջոցները չպետք է գերազանցեն սահմնաված քաշը՝ ճանապարհները չվնասելու համար: Արդյունքում մեքենաների կուտակում է տեղի ունեցել:

Նախարարը վստահեցրեց, որ վիճակը կարգավորվել է, այսօրվա դրությամբ մաքսակետում առկա մեքենաների քանակը մոտ 300 է: Մինչդեռ ԲՀԿ-ից պատգամավոր Արթուր Դալլաքյանը զարմացավ․ իր ունեցած տվյալները այս պահի դրությամբ բոլորովին այլ են, և իրականում կուտակված մեքենաների թիվը բավական շատ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG