Մատչելիության հղումներ

Ռոհանի․ «Պատրաստ ենք ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

«Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ այս տարի փետրվարին մեր շատ տպավորիչ այցից հետո։ Մեր երկրների միջև հարաբերությունները լավ են եղել և մինչ այսօր էլ շարունակում են մնալ, և մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք և ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր և հազարամյակներ պետք է համագործակցենք», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ սա Իրանի նախագահի առաջին այցն է Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, և Հայաստանում մեծ կարևորություն են տալիս հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերություններին։ Երկուստեք կարևորվել է պարբերաբար գումարվող երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերի գործունեությունը, որի արդյունքում ձեռք են բերվում տնտեսական կապերի զարգացմանը միտված պայմանավորվածություններ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ», - հայտարարել է Իրանի նախագահը:

Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` Հայաստանում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:

Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:

Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոհանին ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին` Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու համար:

Իր հերթին, Հասան Ռոհանին կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Իրանի նախագահը երեկ է ժամանել Երևան, նույն օրը Հասան Ռոհանիին ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

XS
SM
MD
LG