Մատչելիության հղումներ

Վճռաբեկը մերժել է Քոչարյանի դիմումներից մեկը վարույթ ընդունել, մյուսն ընդունել է


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյան և Արամ Օրբելյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյան և Արամ Օրբելյան, արխիվ

Վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել։

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումը, որն առնչվում է Քոչարյանի կալանքին։

Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։

Վճռաբեկն անհիմն է որակել Քոչարյանի պաշտպանական թիմի պնդումները և եզրահանգել՝ Քոչարյանի փաստաբանները չեն հիմնավորել, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործը քննվել է ոչ օրինական կազմով և օրենքով չսահմանված ընթացակարգով, ինչպես նաև առկա է մարդու իրավունքների խախտում։

Վերաքննիչ դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները և կալանավորել մեկ ամիս ազատության մեջ անցկացրած Քոչարյանին։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Վճռաբեկը փորձում է հեռու պահել իրենից այս գործը, քանի որ հակառակ դեպքում՝ եթե վարույթ ընդուներ, ստիպված կլիներ դիրքորոշում հայտնել՝ կա՛մ մերժել, կա՛մ բավարարեր այն․ - «Վարույթ ընդունելու դեպքում պետք է տաս որևէ որոշում՝ դեմ կամ կողմ: Իսկ դա ահռելի պատասխանատվություն է: Անձեռնախմելիության վերաբերյալ շատ հակիրճ, կոնկրետ դեպքի վերաբերյալ էլ չէ, իրավական գնահատական է տվել դեռևս նախորդ տարի նոյեմբերի 15-ին․ մինչև այսօր դա անընդհատ շահարկվում է բոլոր կողմերի կողմից: Ու Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ եկավ պնդելու, որ իրավունք չկար»:

Խուդոյանն ասաց, որ այս մերժումը հիմք կդառնա դիմելու Եվրոպական դատարան։

Վճռաբեկ բողոքում Քոչարյանի փաստաբանները նշել էին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննելիս իրենց չի լսել, ինչպես նաև իրենց բողոքները այս դատարանում մակագրվել էին խախտումներով։

Ըստ նրանց, առաջին ատյանի դատարանի երկու տարբեր որոշումներ չէին կարող մակագրվել նույն դատավորին։ Խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից մայիսի 18-ին նախկին նախագահին կալանքից ազատ արձակելու, ինչպես նաև երկու օր անց՝ մայիսի 20-ին քրեական գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումների մասին է։

Դատավորը կասկածներ ուներ Քոչարյանին մեղսագրվող արարքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հետ՝ արդյո՞ք այն համապատասխանում է Սահմանադրությանը, թե՞ ոչ։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նաև եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը գործի քննությունն իրականացրել է օրենքի շրջանակում:

«Ընդհանրապես իրավունքից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ այդ պարագայում, նույնիսկ դատախազներն էին զարմացած, որ նման կերպ կարող է լինել, որ անձի կալանքի հարցը քննարկվի և նրան արտահայտվելու հնարավորություն չտրվի: Այդ խախտումը այնքան ակնհայտ է, որ ինձ համար զարմանալի է, թե ինչպես Վճռաբեկ դատարանն այդտեղ չի տեսնում: Նույն Վճռաբեկ դատարանի նախադեպերին հակասող որոշում է կայացրել, երբ որ Վերաքննիչ դատարանը ինքը գնահատել է կասկածի առկայությունը, թեպես Վճռաբեկ դատարանը ասում է, որ վերաքննիչ ատյանը, եթե գործը մտել է քննության, չպետք է գնահատի», - ասաց Խուդոյանը:

Օրվա վերջում հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի պաշտպանների մեկ այլ դիմում վարույթ է ընդունել։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց այս դիմումը կրկին առնչվում է նախկին նախագահի կալանքին։ Երբ 2018-ին առաջին անգամ Քոչարյանը կալանավորվեց, Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ազատ արձակեց նրան, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց այս որոշումը և գործը հետ ուղարկեց վերաքննիչ ատյան՝ նոր քննության։ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ Վճռաբեկը նման իրավասություն չուներ և, օրենքի համաձայն, կա՛մ պետք է մերժեր բողոքը կա՛մ էլ այն բավարարեր՝ վերջնական որոշում կայացներ։

Այս հարցը Քոչարյանի պաշտպանները բարձրացրել էին Սահմանադրական դատարանում, որն էլ եզրահանգել էր, որ Վճռաբեկ դատարանը պետք է վերջնական որոշում կայացներ։

Հենց այս պահանջով էլ նախկին նախագահի պաշտպանական թիմը դիմել էր Վճռաբեկ, որն այսօր վարույթ է ընդունել այն։

Նախկին նախագահը մեղադրվում է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում և բազմիցս է հայտարարել, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից։

XS
SM
MD
LG