Մատչելիության հղումներ

Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին


Մոբայլ տրոյական ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 0,1 տոկոսի սարքերը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։ Վրաստանում այդ վնասաբեր ծրագրերին բախվել է օգտատերերի 0,08 տոկոսը, իսկ Ադրբեջանում՝ 0,07 տոկոսը։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23 տոկոսն է ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների (7-րդ տեղ)։ Այդ ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12 տոկոսը, իսկ Ադրբեջանում՝ 0,14 տոկոսը։

2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 13 հազար 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է, քան առաջին եռամսյակում, վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Փորձագետները նշում են, որ կիբերհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբերհանցագործներին։ Նրանք դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաև այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները։

Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում են» դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաև խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG