Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա են եղել նաև ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո և Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգևոր հայրեր։
Անդրադառնալով Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հարցադրումներին՝ Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը, խոսել Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների և դրական միտումների, տնտեսական ակտիվության, զբոսաշրջության առաջանցիկ տեմպերի մասին, անդրադարձել Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի։