Մատչելիության հղումներ

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին


Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Աշխատանքային այցը սկսվել է Լոս Անջելես քաղաքում նախատեսված օրակարգից։

Սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող փոփոխություններին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, երկրում իրականացվող բարեփոխումներին Սփյուռքի ներգրավմանը, Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ ջանքերի համատեղմանը վերաբերող և այլ հարցեր։

Հայաստանի վարչապետը, անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման միտումներին, նշել է, որ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշները տարբեր ուղղություններով գնալով ավելի լավատեսական են դառնում, առկա է լավ դինամիկա, միջազգային հանրության արձագանքը ևս նպաստում է այդ ընթացքին։

«Այս փուլում կարևորում եմ Սփյուռքի հետ հաղորդակցության ճիշտ մթնոլորտի կառուցումը, նկատի ունեմ այն, որ Սփյուռքում օտարվածության, կտրվածության որևէ զգացում չպետք է լինի, Սփյուռքը լիարժեքորեն պետք է ներգրավված լինի Հայաստանի առաջընթացի գործընթացում։ Այդ իսկ նպատակով իմ արտերկիր այցերի ժամանակ հանդիպումներ եմ ունենում Սփյուռքի հայ համայնքների հնարավորինս լայն շրջանակների հետ։ Կարծում եմ՝ մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG