Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին Ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Այսօր ավելի վաղ «Ազատությանը» նախագահականից հայտնել էին, որ ստացել են վարչապետի առաջարկությունը ոստիկանապետին աշխատանքից ազատելու մասին:
Ինչպես լրագրողներին հայտնեց Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, «այս պահին Ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է Ոստիկանության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա»:
Վալերի Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ առաջին անգամ վարչապետ ընտրվելուց ու նշանակվելուց հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին:
«Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել», - Օսիպյանի նշանակման առնչությամբ հայտարարել էր Փաշինյանը: