Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբիլին նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել համաներման որոշման պատճառով:

Նախագահի համաներումը տարածվել է 34 դատապարտյալների՝ այդ թվում 18-ամյա երիտասարդի սպանության համար ազատազրկման դատապարտված Ասլան Բեժանիձեի վրա:

Բեժանիձեն ձերբակալվել է 2016 թվականին՝ 12 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո:

Սպանված երիտասարդի հարազատները ծայրահեղ բացասական են արձագանքել նախագահի որոշմանը և կոչ են արել Սալոմե Զուրաբիշվիլիին վերանայել այն: Սպանվածի զարմիկ Անդրո Մայսուրաձեն տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է՝ մամուլից է տեղեկացել, որ սպանության համար դատապարտված Բեժանիձեն արդեն երեք շաբաթ է ազատության մեջ է:

Ընդդիմությունը նույնպես կոշտ քննադատում է նախագահի այդ որոշումը:

«Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում այս կամ այն պաշտոնյայի կողմից անպարկեշտ վարքագծի դրսևորման դեպքում քննարկվում է տվյալ ինստիտուտի լիազորությունների սահմանափակման հարցը»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գիգա Բոկերիան:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատության թիրախում է հայտնվում դատապարտյալների համաներման պատճառով:

Անցյալ ամիս Բեժանիձեի հետ միասին Զուրաբիշվիլին ներում էր շնորհել նաև Ռամազ Դեվաձեին, ով ազատազրկման էր դատապարտվել 22-ամյա ոստիկանին սպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG