Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի համոզմամբ, Սաուդյան Արաբիայում իրականացված հարձակումների թիկունքում ըստ ամենայնի Իրանն է


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ, ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ եղած հետախուզական տվյալները վկայում են, որ Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ կիրակի օրը իրականացված հարձակումների թիկունքում Իրանի Իսլամական Հանրապետությունն է:

«Կարծես թե այդպես է: Մենք այժմ լրջորեն հետաքննում ենք խնդիրը, բայց այս պահին տեղի ունեցածը նման լույսի ներքո է ուրվագծվում: Երբ մենք հաստատապես կիմանանք, տեղյակ կպահենք ձեզ: Բայց ամեն դեպքում շատ նման է [իրանական ներգրավվածությանը]», - Բահրեյնի թագաժառանգի հետ Սպիտակ տանը ընթացող բանակցություններից առաջ դիմելով լրագրողներին՝ պնդել է Միացյալ Նահանգների նախագահը:

Դոնալդ Թրամփը, ի դեպ, չբացառեց նաև Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման ուժային տարբերակը․ - «Ես նոր հակամարտություններ [սկսել] չեմ ցանկանում, բայց երբեմն պարզապես ստիպված ես [անել դա]»:

Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող խոշորագույն նավթային ձեռնարկությունները հարձակման ենթարկվեցին սեպտեմբերի լույս 14-ի գիշերը: Մոտ մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված այս հարձակման թիրախում հայտնվեցին Աբքաիք քաղաքում գտնվող նավթամշակման գործարանը, որը խոշորագույնն է աշխարհում, ինչպես նաև Խուրայս քաղաքից ոչ հեռու գտնվող նավթահորերի շրջանը, որը մեծությամբ երկրորդն է Սաուդյան Արաբիայում:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի տարածքում գործող շիա զինյալները, որոնք, արևմտյան հատուկ ծառայությունների պնդմամբ, վայելում են Իրանի աջակցությունը: Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչները ևս պնդում են, որ նավթային ձեռնարկությունների վրա հարձակումները իրականացվել են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի միջոցով, և որ այս ողջ հարձակման թիկունքում նշմարվում է Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դերակատարությունը:

Թեհրանում սակայն Իրանի հասցեին հնչող այս մեղադրանքները կտրականապես հերքում են՝ նշելով, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների պատճառը թագավորության զինված ուժերի կողմից Եմենում իրականացվող ռազմական գործողություններն են: Այս մասին երեկ երեկոյան Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Եմենի ժողովուրդը իր ինքնապաշպանության օրինական իրավունքն է իրացնում: Սրանք երկուստեք հարձակումներ են, և հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանց վերջ տրվի», - հավելել է Ռոհանին:

Իսկ Ռուսաստանի նախագահը Անկարայում բաց չթողեց իր երկրի ռազմական արդյունաբերությունը գովազդելու առթիը` կես-կատակ, կես-լուրջ ակնարկելով, թե Սաուդյան Արաբիան կարող էր խուսափել նման ծանր հարվածից, եթե ժամանակին հետևեր հարևանների օրինակին:

«Մենք պատրաստ ենք համապատասխան օժանդակություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային, իսկ Սաուդյան Արաբիայի քաղաքական ղեկավարությանը պարզապես պետք է իմաստուն պետական որոշում կայացնի: Ինչպես Իրանի ղեկավարները ժամանակին որոշեցին C-300 համակարգեր ձեռք բերել, ինչպես նախագահ Էրդողանը, որ Ռուսաստանում գնեց C-400 Триумф տեսակի նորագույն հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերեց: Դրանք հուսալիորեն կպաշտպանեն Սաուդյան Արաբիայի ցանկացած ենթակառույց», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ անթաքույց հրճվանք պատճառելով հատկապես իրանական պատվիրակության անդամներին:

XS
SM
MD
LG