Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը, որի համաձայն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին:
Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, որը մինչև նշանակումը այդ համակարգում զբաղեցրել է բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ առաջարկված փոփոխության համաձայն բոլոր այս պահանջներն այլևս պարտադիր չեն և ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» օրենսդրական իր նախաձեռնության հիմնավորման մեջ նշում է, որ գործող օրենքով «կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակել նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»:
Հետևաբար, առաջարկվում է Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը թեև այսօր կողմ քվեարկեց այս օրինագծին, սակայն Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ մինչև օրենքի 2֊րդ ընթերցումը պետք է մի շարք լրամշակումներ արվեն, չպետք է թույլ տալ, որ այս փոփոխության հետևանքով ԱԱԾ և ոստիկանության համակարգերը տուժեն:
«Կողմ ենք քվեարկել առաջին ընթերցմամբ, բայց առաջինից երկրորդ պետք է հասկանանք, թե ինչ վտանգներ, ինչ սպառնալիքներ կան և ինչպես է հնարավոր այդ սպառնալիքները նման իրավակարգավորումների շրջանակներում լուծել», - նշեց Վարդանյանը՝ շարունակելով․ - «Այսինքն վերադարձ նախկինում այն արատավոր երևույթներին, որ եղել են 90-ական թվականների սկզբին և թույլ տալ, որ պատահական մարդիկ հայտնվեն համակարգում անընդունելի է: Դրա հետ զուգահեռ՝ քաղաքական պատասխանատվությունը, քաղաքական բեռը հաշվի առնելով նաև քննարկվում և կարող է քննարկվել նաև համակարգից դուրս, բայց պրոֆեսիոնալիզմի համապատասխան չափանիշներ ունեցող անձանց հնարավոր նշանակումը: Երբևիցե չէի ուզենա, որ սա դիտարկվեր որպես մի լուծում, որտեղ պրոֆեսիոնալիզմը հակադրվում է վստահությանը: Ոչ։ Այստեղ փորձ է կատարվում ստանալ լուծում, որտեղ միահյուսված են լինելու պրոֆեսիոնալիզմը, քաղաքական թիմի մաս կազմելը, վստահությունը և քաղաքական հաշվետվողականությունը»:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ առաջիկայում օրենքի նախագիծը կքննարկվի նաև իրենց հանձնաժողովում, որտեղ կանդրադառնան մտահոգող հարցերին:
Հարցին, թե կոնկրետ ինչ մտահոգություններ ունեն, պատգամավորը պատասխանեց․ - «Բազմաթիվ: Թույլ տվեք այս պահին որևէ մասով չասեմ, մենք կունենանք քննարկում, քննարկումից հետո»:
Մեր դիտարկմանը, թե՝ կան մտավախություններ, որ համակարգում կարող են դժգոհություններ լինել, որովհետև սա հնարավորություն է տալիս դրսից որևէ մեկին բերել և Ոստիկանապետ կամ ԱԱԾ պետ նշանակել, Տիգրան Կարապետյանն արձագանքեց․ - «Մտահոգությունները կապված են նաև սրա հետ, ամեն դեպքում մենք նաև համակարգի կարծիքը կլսենք, որովհետև Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը չի մասնակցել»:
ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հարցը խորհրդարանի ամբիոնից ներկայացրած Տարոն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փոփոխությունները Կառավարության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրենց առաջարկած փաթեթի մի մասն են կազմում: Փաթեթը, որով առաջարկվում էր ԱԱԾ֊ն և Ոստիկանությունը դուրս բերել վարչապետի ենթակայությունից, մերժվեց, սակայն այս մի առաջարկը, այսինքն այդ մարմինների ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքական՝ իշխող մեծամասնության կողմից ընդունվեց։
Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ այս օրինագիծը վարչապետին ավելի լայն հնարավորություններ կտա և՛ ԱԱԾ տնօրենի ընտրության հարցում, և՛ Ոստիկանապետի, Տարոն Սիմոնյանը պատասխանեց․ - «Իհարկե մեծանում է, և դա հետհեղափոխական իրականության տրամաբանության մեջ է տեղավորվում»:
Միևնույն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը փաստեց՝ այս փոփոխությունը չի նշանակում, որ բոլոր դեպքերում անպայմանորեն դրսից պետք է մարդ բերվի: - «Պարզապես որոշում կայացնող մարդը ավելի ազատ է լինում, բայց միևնույն ժամանակ պետք է ողջախոհությունից դուրս չգալ: Բնականաբար այդ ոլորտը տիրապետող մարդ պետք է նշանակենք», - մեկնաբանեց Սիմոնյանը: