Մատչելիության հղումներ

Գյումրիի դրամատիկական թատրոնը պատրաստվում է 154-րդ թատերաշրջանի բացմանը


Գյումրիի դրամատիկական թատրոնը պատրաստվում է 154-րդ թատերաշրջանի բացմանը: Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսը ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը անվանափոխել է «Թռիչք», որի առաջնախաղով սեպտեմբերի 20-ին կազդարարվի թատերաշրջանի բացումը:

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շատ չակերտներ չբացելով նշեց, որ ներկայացումը ազատության մասին է: «Շատ արդիական ու շատ այսօրական պիես է. թռչուններին ազատություն են տալիս ու ասում են՝ «ազատություն եք ուզո՞ւմ, ապրեք», ու էստեղ է, թե որքանով է մեզ ազատությունը պետք և ինչպես ենք մենք դրսևորում։ Այսինքն թռչունները խոսում են, մտածում են ու ապրումներ են ապրում, որոնք մարդուն ավելի մոտ է։ Նիկոլայ Ծատուրյանին բնորոշ հումոր կա, ցավ կա, ենթատեքստ կա։ Ես կարծում եմ՝ այս ներկայացումը թատրոնի խաղացանկում երկար կմնա ու կունենա իր հանդիսատեսը, որովհետև ինքը բավականին ենթաշերտեր ունեցող ներկայացում է», - ասաց Հարությունյանը։

Ոչ միայն նոր պրեմիերայով, այլ նաև նորացված կներկայանա թատրոնը հանդիսատեսին: Թատրոնը իր միջոցներով կարողացել է դահլիճին նոր տեսք տալ:

«Երևի 30 տարուց ավել թատրոնի գորգածածկը չէր փոխել, սա մեծ աշխատանք էր։ Ամբողջ նստատեղերը հանվել է, նստատեղերը ոչ թե հիմնանորոգել ենք, այլ վերանորոգել ենք, իսկ գորգածածկը հիմնանորոգվեց, որովհետև ինքը շատ անմխիթար վիճակում էր։ Այսուհետ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը կլինի բաղկացած պարտերից և ամֆիթատրոնից, ինչպես շատ թատրոններում է», - նշեց թատրոնի տնօրենը։

Առայժմ անլուծելի է մնում թատրոնի ճեմասրահում տեղադրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի տեղափոխման հարցը: Լյուդվիգ Հարությունյանը մեկ անգամ ևս բարձրաձայնում է, որ թատրոնը չի կարող ապահովել որմնանկարի պահպանումը հատկապես ձմռան ամիսներին, և, բացի այդ, մինչև որմնանկարը չտեղափոխվի, չեն կարող նաև արդեն խիստ վտանգավոր դարձած ճեմասրահի ապակիները փոխել:

«Նաև ես անվտանգության համար եմ վախենում, որովհետև պատուհանները արդեն վթարային վիճակում են։ Բացի նրանից, որ որմնանկարը տեղավորելուց պատուհաններն են վնասել, նաև որմնանկարն էլ խնդիր ունի. որմնանկարն ունի պահպանման խնդիր, ունի խնդիր, որ դու պետք է կարողանաս ջերմաստիճան ապահովել։ Մի քանի անգամ առիթներ են եղել, ես նաև դիմել եմ Մշակույթի նախարարություն, հիմա էլ եմ արդեն մեկ անգամ տեսել, զրուցել տիկին Թուխիկյանի հետ, որ նկարը խնդիր ունի», - ընդգծեց Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում ևս պատրաստվում են ներկայացման: Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը՝ նոր դերասաններով, նաև անգլերեն տարբերակով:

«Բավականին հետաքրքիր աշխատանք է ստացվել, յուրաքանչյուր դերասան իր հետ բերում է իր մեկնաբանությունը, և այս դեպքում փոփոխությունը նաև այն կլինի, որ ներկայացումը հիմա պատրաստում են նաև հայերեն տարբերակը, բայց նաև պետք է հնչի անգլերեն, որով պատրաստվում ենք մի քանի փառատոնների մասնակցել։ Մեր խմբին միացել է Իննա Խոջամիրյանը, ու էսօր փաստը նրանում է, որ թատրոնը, թատերաշրջանը մենք դեռ չենք բացել, բայց վստահ կարող եմ ասել, որ սեպտեմբերի 25-ին, 28-ին, 29-ին դրված է «Երկնագույն շան աչքերը», և մենք տոմս չունենք», - ասաց Հարությունյանը։

Մինչև տարեվերջ աճեմյանցիները կներկայանան 5 նոր ներկայացումներով: Բացի այդ, նախատեսում են հյուրընկալել ինչպես Հայաստանի այլ թատրոններին, այնպես էլ՝ դրսի: Նաև իրենք հյուրախաղերով կլինեն այլ բեմերում: Ավստրալիա հյուրախաղերի առաջարկն ուժի մեջ է, նաև Մոսկվայից հրավեր ունեն:

«Մոսկվայում «Հարսանիք թիկունքում» ներկայացումն են ուզում, մենք նախնական պայմանավորվել ենք, կապված տեխնիկական խնդիրների հետ՝ դեռ էս պահին անորոշ վիճակում է», - ընդգծեց տնօրենը։

Գյումրիի թատրոնն անցած թատերաշրջանում բավականին լուրջ հաջողություններ արձանագրեց:

Հարցին՝ նախարարությունն արդյո՞ք ավելի լավ աչքով չի նայում թատրոնին՝ ավելացնելով ֆինանսական աջակցությունը, թատրոնի տնօրենը պատասխանեց. «Միշտ ասել եմ ու էլի եմ ասում՝ դու պիտի աշխատես ինքդ փորձես ինչ-որ բան անել, մի քանի բան անել և խնդրես, որ քեզ աջակցեն։ Ինչպես գիտեք, անցած տարի թատրոնը եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ այդ Նահանգներ մեկնելու մեջ մեծ նաև աջակցություն եղավ Մշակույթի նախարարության կողմից»։

Հաջորդ թատերաշրջանն արդեն հոբելյանական կլինի աճեմյանցիների համար՝ այն 155-րդը կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG