Մատչելիության հղումներ

Անհնազանդության դրսևորումներ՝ «Նուբարաշենում» և այլ քրեակատարողական հիմնարկներում


Երեկ ուշ երեկոյան «Նուբարաշենում» և այլ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները անկարգություններ են արել: Անհնազանդության դրսևորումների մասին գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Բունտի պատճառների մասին նախարարը լռում է:

Պատճառները պարզել են Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Ստեփանյանն ու Անի Սամսոնյանը: Ժամեր առաջ նրանք եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

«Անկարգություններ են արել, հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, նաև հրդեհավտանգ իրադրություն են ստեղծել՝ վառվող առարկաներ են նետել պատուհանից դուրս և այրեն էլ քրեակատարողական հիմնարկի մերձակա տարածքի խոտածածկը, ստիպված Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեկ մարտական հաշվարկ է ուղարկվել», - պատմեց պատգամավորը։

Ըստ Անի Սամսոնյանի՝ դատապարտյալները ընդվզում են անցած շաբաթ կառավարության ընդունած նախագծի դեմ, որով քրեականացվում է քրեական ենթամշակույթը: Այդ նախագծով այսպես կոչված՝ «օրենքով գողերը, քրեական հեղինակություններն և զոն նայողները» քրեական պատասխանատվության են ենթարկվելու: Նախագիծն առաջիկայում կուղարկվի խորհրդարան։

Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու համար: Ըստ նախագծի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը։ Օրենքով գողի, քրեական հեղինակության կարգավիճակ ունենալու համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։ Գործադիրի նիստում վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև սպասվող դիմադրության մասին և հայտարարել՝ թե՛ բանտերում, թե՛ դրանցից դուրս քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու են ամենակոշտ ձևով:

«Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լարված է, իշխանությունը բարդ խնդրի առաջ է կանգնած», - ասում է պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Նուբարաշեն» կատարած այցի ժամանակ պատգամավորները դատապարտյալների հետ չեն հանդիպել, խոսել են միայն քրեակատարողական հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանի հետ: - «Կա մտահոգություն, որ վիճակը լարված է, չի բացառվում դեպքի կրկնությունը, սակայն մեզ հավաստիացրեցին, որ վիճակը վերահսկելի է», - պատմեց Սամսոնյանը։

Քրեակատարողական ծառայությունից դեռ մանրամասներ չեն հայտնում, հանրային կապերի բաժնից միայն նշեցին, որ ուժեղացված ծառայություն է իրականացվում, իրավիճակը վերահսկելի է:

Օգոստոսի 31-ից մինչև այսօր ՔԿՀ-ներում կատարվող խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող գործիքներ, թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածով 1 փաթեթ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը նաև քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն է իրականացնում, ասում է՝ այս բարքերը նախկին իշխանությունների թողտվությամբ են հաստատվել և դրա դեմ պայքարը պետք է սկսվի Քրեակատարողական ծառայության վարչակազմի փոփոխությունից:

«Ես հիմնական շեշտը կդնեի վարչակազմի վրա, որովհետև այդ կոռուպցիոն մեխանիզմներից առաջին հերթին օգտվում են նաև իրենք և որը հասնում էր մինչև քաղաքական իշխանություն։ Հիմա, երբ քաղաքական իշխանությունը հրաժարվում է քրեական աշխարհի հետ համագործակցությունից, ընդվզում են», - ասում է իրավապաշտպանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են անհնազանդությունները։ Նախարարությունը վերահսկում է իրավիճակը։ - «Հնարավոր զարգացումների դեպքում իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ», - գրել է նախարարը:

XS
SM
MD
LG