Մատչելիության հղումներ

Վնասաբեր ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին. «Կասպերսկի Լաբ»


Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08 տոկոսին, Ադրբեջանում՝ օգտատերերի 4,05, և Վրաստանում՝ 1,67 տոկոսին, հաղորդում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի մոբայլ սարքերի 2,16 տոկոսը բախվել է վնասաբեր ծրագրերի, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52, իսկ Ադրբեջանում՝ 3,12 տոկոս։

Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76 տոկոս՝ 2017-ի 4,28 տոկոսի փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17 ու 4,71 տոկոս, և Ադրբեջանում՝ 2,95 և 2,59 տոկոս, վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընկերության լուծումները 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 753 հազար 550 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 151 հազար 624-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։

«Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսինջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG