Սահմանադրական դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումը և այսօր օրվա երկրորդ կեսին կհրապարակի իր որոշումը, ըստ որի պարզ կդառնա՝ բարձր դատարանը հակասահմանադրակա՞ն է ճանաչում Հայաստանի երկրորդ նախագահի դիմումում նշված երկու հոդվածները, թե՞՝ ոչ։
Նաև այս հարցին է անդրադարձել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդմանը:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումը լեգիտիմ պետք է համարել, և արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն այդ որոշումը, Հայաստանի դատական համակարգը կատարի այդ որոշումը, ի՞նչ եք կարծում:
Լևոն Զուրաբյան․ - Եկեք շատ ճշգրիտ լինենք՝ այսօր Հայաստանը Սահմանադրական դատարան չունի: Այսօր մի քանի մարդ եթե հավաքվեն, վաղը հրապարակեն իրենց ստորագրությամբ որոշում, դա չի կարող համարվել լեգիտիմ որոշում: Եթե նման բան անեն, ես սրա համար կմեղադրեմ և՛ էդ մարդկանց, ովքեր գնացել են նման հանցագործության՝ դա իշխանության յուրացում է ըստ էության, բայց նաև իշխանություններին, որոնք հանդուրժել են էս իրավիճակը, մի տարի չգիտես ինչու հանդուրժել են նման ապօրինությունը և հանդուրժել են էդ, սենց ասեմ՝ հակահեղափոխական մի հատ բաստիոնի գոյությունը երկրում: Եվ հիմա հասել ենք էս վիճակին, որ իրենք ինչ-որ որոշում կընդունեն, բազմաթիվ մարդիկ չեն ընդունի էդ որոշման լեգիտիմությունը, կսկսվի աղմուկ, աղաղակ, և այլն, և այլն:
«Ազատություն»․ - Ի՞նչ պետք է անեին իշխանությունները: Դուք մեղադրում եք Հայաստանի ներկայիս իշխանություններին, ասում եք՝ հանդուրժել են: Ի՞նչ պետք է անեին:
Զուրաբյան․ - Ես ընդհանրապես պետք է ասեմ, որ իշխանությունները շատ դանդաղաշարժ են: Ինչ առումով․ գիտե՞ք, ցանկացած հեղափոխության ընթացքում, հատկապես՝ ընտրություններից հետո իշխանության գալուց հետո առաջին մեկ տարին ամենակարևոր տարին է այդ նոր իշխանության համար, ինչու՝ որովհետև նա ունի շատ թարմ կրեդիտ վստահության, վստահության վարկ՝ ժողովրդից, և բնական է, որ այդ վարկը գնալով պակասում է, և այդ ժամանակաշրջանում նա կարող է անել ամենամեծ բարեփոխումները՝ համարյա չհանդիպելով որևէ դիմադրություն, որևէ խոչընդոտ: Եվ այդ ժամանակաշրջանը, որ ամենաբարենպաստն էր՝ խոչընդոտների բացակայության պատճառով, որովհետև ոչ ոք այդ ժամանակ՝ էդ բարոյազրկված հակահեղափոխական այդ չինովնիկները, դատավորները և այլն, որոնք նստած էին բոլոր էդ իշխանության կորիդորներում, նրանք չէին համարձակվի դիմակայել, մեկին ասեին՝ գնա, նա կգնար:
«Ազատության»․ - Հիմա կա՞ այդ դիմակայությունը:
Զուրաբյան․ - Հիմա, բնականաբար, տեսնելով, որ իրենց հանդուրժել են շատ երկար ժամանակ, տեսնելով, որ ինչ-որ իմաստով վարկանիշի անկում կա իշխանության, արդեն վեճեր կան, կան, չգիտեմ, պրոբլեմներ՝ Ամուլսար, էս կողմ էն կողմ, էդ մարդիկ՝ նրանց լեզուն երկարել է, էդ մարդիկ արդեն գլուխները բարձրացրել են, իրենք տեսնում են, որ կարող են անպատիժ լինեն, կամ իրենց մոտ շանս է առաջացել անպատիժ մնալու, իրենք շատ ավելի լուրջ են դիմադրելու:
«Ազատություն»․ - Իշխանությունը ի՞նչ պետք է աներ, որ չի արել:
Զուրաբյան․ - Քրեական գործեր հարուցեր: Էսօր առնվազն տասը ավազակապետ պետք է նստած լինեին բանտերում, նրանց փողերը հետ բերված լինեին, և միգուցե տասնյակ դատավոր նստած լինեին բանտում:
«Ազատություն»․ - Սահմանադրական դատարանի դատավորնե՞րն էլ:
Զուրաբյան․ - Բա գիտենք, որ հանցագործություններ են կատարել, հո չենք ասում՝ հենց էնպես, օրենքի խախտումով տար դատի կամ կալանավորի: Բոլոր հիմքերը կան:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․