Այսօր Ղարաբաղում նշում են Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակը։ Առավոտից Ստեփանակերտում անցկացվող միջոցառումներին մասնակցում է Արցախի նախագահը, մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Իսկ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը արտառոց չի համարում, որ միջոցառումներին չի մասնակցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ նախկինում ևս միշտ չէ, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի թիվ 1 պաշտոնյան է եղել Ստեփանակերտում։
«Եվ այդպես լինում էր, որ կա՛մ վարչապետը, կա՛մ նախագահն էին գալիս, լինում էր, որ Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ է պատվիրակությունը լինում: Տարբեր տարիներին տարբեր ձևաչափով է: Արտառոց չէ, այդպիսի դեպքեր եղել են», - պարզաբանում է Բաբայանը:
Հայաստանի վարչապետը և նախագահը Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել։
Վարչապետ Փաշինյանը, շնորհավորելով սեպտեմբերի 2-ը, գրել է․ - «Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման»։
Նախագահ Արմեն Սարգսյանը, իր պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում գրել է, որ՝ «այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը»:
Շնորհավորական ուղերձով հանդես է եկել նաև Երրորդ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը. - «Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում: Այսօր դա նույնքան վտանգավոր է, որքան կարող էր լինել ազատամարտի տարիներին: Չգիտակցել դա` նշանակում է վտանգի տակ դնել Հայրենիքը հանուն այսրոպեական, անձնական, քաղաքական կամ այլ անցողիկ շահերի»:
Երկրորդ, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, իր շնորհավորական ուղեձում ևս խոսում է չպառակտվելու հրամայականի մասին: Նա իր ուղերձում, մասնավորապես, գրել է. - «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև»։
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասում է՝ 2 նախկին նախագահների շնորհավորական տեքստերը կարդալուց հետո առանձնացնում է Սերժ Սարգսյանի գրասենյակի հրապարակած տեքստը՝ դրական առումով:
«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը հասցրել էր իր տեքստում խցկել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, բացասական լույսի ներքո, մինչդեռ դրանք ողջունվել են ողջ ժողովրդի կողմից, Սերժ Սարգսյանի տեքստում ես ավելի շատ տեսա, որ կա մտահոգություն Արցախի շուրջ տարաձայնությունների և համահայկական միասնության վերաբերյալ», - մեկնաբանում է քաղաքագետը՝ շարունակելով․ - «Նույնիսկ տեքստում, հայաստանյան իրականության և զարգացումների վերաբերյալ սեփական զայրույթից զատ նաև այդ մեծամտությունը՝ գորովանքով եմ հիշում նախկինում Արցախի պետականությունը միասին կերտելը․․․ այսինքն անգամ ինքնագովազդը տեքստում բավականին տհաճ էր և պատիվ չի բերում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած որևէ անձի»: