Մատչելիության հղումներ

Գյումրիում կայացավ Հայաստանը ներկայացնող դեսպանների հավաքը


Արտերկրում Հայաստանը ներկայացնող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր Գյումրիում էին: Դիվանագետների ամենամյա հավաքի ձևաչափն այս տարի փոխվել էր և Արտաքին գործերի ու Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների նախաձեռնությամբ առաջին անգամ դիվանագետների հավաքի մեկ օրն անցկացվեց Գյումրիում:

Այս ձևաչափն ընտրվել էր մեկ նպատակով՝ դեսպաններին ներկայացնել մարզերի հնարավորությունները, որպեսզի վերջիններս դրսում ներդրողներ գտնեն ու ուղղորդեն Հայաստանի մարզեր: Դռնփակ ֆորմատով մարզպետները դեսպաններին ներկայացրել են իրենց մարզերի հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ասաց, որ մարզպետներ-դիվանագետներ հանդիպումը առաջին քայլն է ներքին երկխոսության համար:

«Այս ծրագրում ընտրելով այս անմիջական գործառույթը նպատակ ունի հենց ստեղծելու այդ երկխոսությունը մեր ներսում, ամրապնդելու երկխոսությունը մեր ներսում, մեր դեսպանների համար, մեր ղեկավարների համար, դիվանագիտական ներկայացուցիչների ավելի ամրապնդելու իրենց պատկերացումները, թե ինչ են ներքին գերակայությունները։ Մեր աշխատանքը վերաբերում էր մեր ազգային նպատակին, ինքը ծառայում է մեր ազգային նպատակներին և դրա մեջ մտնում է նաև մեր պետության զարգացումը։ Մարզային զարգացման օրակարգը մեր պետական գերակայություններից է։ ինչպես մենք կարող ենք օգտագործել լավագույնս այդ միջազգային համագործակցությունը, որպեսզի համալրենք և աջակցենք այդ գործառույթին, սա նաև այս հանդիպման նպատակն է, ավելի հարստացնելու պատկերացումները՝ ավելի հստակ պատկերացնելու», - նշեց Մնացականյանը։

«Ազատության» հարցին, թե այս ընթացքում արդյո՞ք եղել են դիվանագետներ, ովքեր ներդրումային ծրագրեր են բերել, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Չենք ունեցել մենք նախկինում այս կապը։ Դիվանագետն իրականում բիզնեսով զբաղվելու խնդիր չունի, դիվանագետը պիտի ապահովի այդ կապը, մենք այդ կապն ենք փնտրում ու հիմա կարծում եմ՝ այդ կապերը պիտի ամրացնենք»:

Արտաքին գործերի նախարարն ասում է, որ դեսպանը մասնավոր սեկտոր չէ, այս դեպքում ի՞նչ սպասելիք ունեն արտերկրում Հայաստանը ներկայացնող դեսպաններից:

«Դիվանագիտական կորպուսը ունի այդ ներուժը օգտագործելու միջպետական հնարավորությունները և հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց ավելի մոտիկանալ և համագործակցություն ստեղծել։ Ձևաչափերը բավական շատ են, յուրաքանչյուր դեսպան իր կողմից բերելու է առաջարկներ, բերելու է գաղափարներ, թե ինչպես կարող է իր երկրում, որ ուղղությամբ և այնպես չի, որ զրոյից ենք սկսում, որովհետև կան ընթացքներ ուղղակի ինչպե՞ս թիրախավորել, ինչպե՞ս ավելի գործնական ու թիրախային դարձնել և կիրառական դարձնել, որպեսզի ավելի ամրապնդել այդ կապը՝ ներքին գերկայության և արտաքին մասի կարողության։ Մեր ուժը տարբեր երկրներից է, եվրոպական երկրներից հիմնականում ունենք, Չինաստանի հետ կան ծրագրեր», - ասաց Զոհրաբյանը։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիվանագետներին տեղեկացրեց, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրին տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ վերջապես քաղաքում ազատ տնտեսական գոտի սահմանվեց:

«Երեկ մեր հայրենի կառավարությունում վերջապես ընդունվեց լոգիստիկ պարտքի հետ կապված մի լավ նախագիծ, որով դրվեց 319 հեկտարի համար ազատ տնտեսական գոտու գաղափարը, որը իհարկե բավականին երկար աշխատել ենք, մինչև կառավարություն հասնելը ուսումնասիրել ենք, բայց համենայն դեպս սրանք շատ կարևոր արգումենտներ են, որ էսօր մենք կկարողանանք նաև ունենալ աշխատատեղեր և կլինեն շատ ներդրումներ», - ընդգծեց Բալասանյանը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ևս անդրադարձավ ազատ տնտեսական գոտուն: Նախարարը տեղեկացրեց, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքների հետ կապված վեճը հասել է դատարան:

«Մեղրիում խնդիրներ կային կապված տարածքների հետ, հիմա մենք արդեն դիմել ենք դատարան, դատարանն ընդունել է վարույթ, հիմա դատարանում նիստերի արդյունքում կունենանք, կտեսնենք ինչ ընթացք է ունենում Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որովհետև երկիրը չի կարող իրեն թույլ տալ ունենալ տասնյակ ազատ տնտեսական գոտիներ։ Ուղղակի Շիրակի մարզը, Գյումրիի տարածաշրջանը և վերջին իրադարձությունները և մենք հյուսիսային մաքսակետ ենք հիմնում, թույլ է տալիս, որ մենք ունենանք նաև հյուսիսիում, ինչպես ունենում ենք հարավում, նաև հյուսիսում նմանատիպ հնարավորություն ստեղծել», - ասաց Պապիկյանը։

Մարզերի համաչափ զարգացումը կառավարության համար օրակարգային խնդիր է, ասում է Սուրեն Պապիկյանը: Դրա համար 23,7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում մարզերում: Նպատակը ներդրողներին դեպի մարզեր ուղղորդելն է, և հենց դիվանագետներն էլ կարող են կապող օղակը հանդիսանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG