Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու ԱԱԾ միջնորդության քննությունը հետաձգվեց


Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի և Խաչատրյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը երեկ հետաձգվեց, դատական նիստը կաշարունակվի այսօր ժամը 1-ին: Այս մասին երեկ ուշ երեկոյան լրագրողներին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Քննությունը ընթացքի մեջ է, ծավալուն է, այս պահին հետաձգվել է վաղը», - ասաց փաստաբանը: - «Քննությունը բավական ծավալուն է, կողմերը իրենց փաստարկներն են ներկայցնում»:

Գագիկ Խաչատրյանը նիստին ներկա էր, սակայն փաստաբանը չհստակեցրեց՝ դատարանում ելույթ ունեցել է, թե ոչ: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մասնավորապես՝ 2008 թվականից, զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-ից 2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը, որն ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»:

Խաչատրյանը դեռ տարեսկզբին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով արդեն մեղադրյալի կարգավիճակ ուներ և չհեռանալու ստորագրություն էր տվել։

Այս քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե:

Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG