Մատչելիության հղումներ

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն զգուշացնում է սթիլեր-տրոյացիների ակտիվության մասին


Տարբեր տվյալների գողության համար նախատեսված վնասաբեր ծրագրերի գրոհների 2019-ի առաջին կիսամյակում ենթարկվել է Հայաստանի օգտատերերի 0,10% -ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,07%, իսկ Ադրբեջանում՝ 0,24%, տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունը:

«Այդ տիպի վնասաբեր ծրագրերը կոչվում են «սթիլեր-տրոյացիներ» կամ Password Stealing Ware (PSW)։ Դրանք նախատեսված են զոհի համակարգչից գաղտնաբառերի, ֆայլերի (նիշք) և այլ տվյալների գողության համար։ Ամենաշատն այդ տրոյացիները գրոհել են Ռուսաստանի օգտատերերին (ավելի քան 100 հազար կամ 11,08%), որին հետևում են Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան և ԱՄՆ-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնց համաձայն՝ աշխարհում 2019-ի առաջին կիսամյակում տարբեր տվյալների գողության համար նախատեսված ծրագրերը գրոհել են ընկերության լուծումների ավելի քան 940 հազար օգտատերերի այն դեպքում, երբ 2018-ի նույն ժամանակահատվածում գրոհի են ենթարկվել 600 հազարից փոքր-ինչ փոքր թվով օգտատերեր։ Ընդ որում, գաղտնաբառեր գողացող ամենատարածված ծրագիրը AZORult-ն է՝ ռուսական ֆորումներում վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) վաճառողների և գնորդների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող սթիլերներից մեկը», - ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Փորձագետները նշումն են, այդ տիպի ԾԱ-ն կարողանում է տարբեր տեղեկատվություն կորզել ուղղակի բրաուզերներից (դիտարկիչ), այդ թվում՝ տարբեր հաշվեգրերի մուտքանուններ և գաղտնաբառեր, ինչպես նաև վճարային քարտերի պահպանված տվյալները և ավտոմատ լրացման ձևերի բովանդակությունը։ Նման որոշ տրոյացիներ կարողանում են նաև «դուրս հանել» քուքիները՝ այն ֆայլերը, որոնց մեջ բրաուզերը մուտքագրում է օգտատիրոջ այցելած կայքերի տվյալները և որոնց շնորհիվ կայքերը «հիշում են» այցելուների մուտքանուններն ու գաղտնաբառերը։ Գոյություն ունեն նաև վնասաբեր ծրագրեր, որոնք ի զորու են գողանալ անմիջապես սարքում պահվող ֆայլերը։

XS
SM
MD
LG