Մատչելիության հղումներ

Խաչատրյանի փաստաբանի պնդմամբ մեղադրանքը վերաբերում է աշխատանքի չներկայացած ՊԵԿ աշխատակիցներին


Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին «սուպերնախարարի» համբավ ունեցող Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության դիմաց հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հիմքեր չի տեսնում իր պաշտպանյալին ձերբակալելու համար:

«Այս պահի դրությամբ կասկածանքը, որը ներկայացվում է (բովանդակությունը այս պահին չեմ կարող մանրամասնել), կասեմ հետևյալը, որ ՊԵԿ նախագահ պաշտոնավարման ժամանակահատվածում վերագրվում են ՊԵԿ֊ում կատարված գործողություններ 2010-2016 թվականներին», - նշեց փաստաբանը:

«Ազատության» դիտարկմանը, թե քրեական գործը տասնյակ միլիոնավոր դոլարների վատնման մասին է, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ - «Վատնման հետ կապված կա որոշակի հանգամանք, որ ինչ֊որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չեն ներկայացել՝ աշխատավարձ են ստացել: Հիմա այստեղ հարց է ծագում, թե պարոն Գագիկ Խաչատրյանը ինչքանով առնչություն ունի: Եթե պատկերացնենք համակարգը իր ամբողջ ծավալով, աշխատակիցների քանակով, ստորաբաժանումներով և այս առումով ակնհայտորեն չի էլ կարելի վկայել, որ այդ աշխատակիցները իր հետ առնչություն ունեն»:

Փաստաբանը նաև հարկ համարեց ընդգծել, որ Գագիկ Խաչատրյանը փախուստի նպատակ չի ունեցել: - «Նշեմ, որ Գագիկ Խաչատրյանը 2019թ․ վարույթ իրականացնող մարմնի կանչով, կիսատ թողնելով Գերմանիայի Դաշնությունում իր բուժումը, վերադարձել է Հայաստանի Հանրապետություն՝ տեղյակ լինելով, որ կոնկրետ քրեական գործ է քննվում իր վերաբերյալ: Այսինքն, եթե անձը ունենար փախուստի նպատակ, չէր թողնի իր բուժումը Գերմանիայում և չէր վերադառնա», - ասաց Երեմ Սարգսյանը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը նախօրեին խուզարկություն է իրականացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում, ինչից հետո Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG