Գործադիրի այսօրվա նիստում հատկացվեց 33 միլիոն 680 հազար դրամ: Այն տրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին:
«Սա ըստ էության շատ կարևոր որոշում եմ համարում: Եվ ինչպես հայտարարել եմ, Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանը աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Եվ սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է՝ եթե ես չեմ սխալվում», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը մանրամասնեց, որ նպատակահարմար են համարել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողներին աջակցության ցուցաբերել՝ հիմք ընդունելով Հայաստանի կառավարության որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը:
«16 միլիոն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը, 17 միլիոն 480 հազար դրամը՝ Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոնին», - նշեց Սողոմոնյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակարտի գրասենյակի տնօրեն Վահրամ Թոքմաջյանի խոսքով, գործադիրի աջակցությունը կարևոր է Արցախում քաղաքացիական հասարակության կայացման տեսակետից: Նա նշեց, որ դիտորդական առաքելությունը միակ գործընթացը չէ, որ իրականացնելու են․ - «Այո, աննախադեպ է ծավալների առումով, դիտորդների այն ներառվածությունը, որը ունենք այս պահին թե՛ մենք, թե՛ Թրանսփարենսին, երբեք չի եղել նման առաքելություն, նման ծավալով մասնակցայնություն Արցախի ընտրական գործընթացներին: Ես կարծում եմ, որ սա շատ լավ է առաջին հերթին հենց Արցախի համար: Շուրջ 40 տեղամասում դիտորդներ ունենալու ենք մենք, 40 տեղամասում, կարծում եմ՝ գործընկեր կազմակերպությունը: Պլյուս մենք ունենալու ենք շրջիկ խմբեր տարբեր շրջաններում, որոնք պարբերաբար կլինեն տեղամասերում: Սրան գումարած՝ մենք անցկացնելու ենք դասընթացներ տեղացի դիտորդների համար: Եվ մեր գործունեությունը Արցախում կոնկրետ այս շրջափուլում չի սահմանափակվելու միայն դիտորդական առաքելությամբ: Տարբեր ծրագրեր մենք մտադիր ենք իրականացնել Արցախում՝ կրթական ցենզի բարձրացման հետ կապված, հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցայնության վերաբերյալ մոնիթորինգային»:
«Արցախում ընտրությունները բաց և թափանցիկ են անցկացվել, բաց ենք բոլոր դիտորդական առաքելությունների համար: Կառավարության քայլիլ նորմալ ենք վերաբերում»« - «Ազատության» հետ զրույցում արձագանքեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը․ - «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները սովորաբար դիտորդական առաքելությունների տեսանկյունից ավելի քիչ էին: Դա բնական է, որովհետև նախագահական չեն կամ խորհրդարանական չեն, բայց ընդհանուր առմամբ միշտ գալիս են: Շահագրգռված ենք և բաց ենք բոլոր դիտորդական առաքելությունների համար»:
Սեպտեմբերի 8-ին քաղաքապետի ընտրություններ են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում: Առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյանը, Արայիկ Ավանեսյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանը: Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել:
Իսկ 2020-ի գարնանը նախագահական և խորհրդարանական ընտրություններ են Արցախում: