ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
Թրամփը որոշումն ընդունեց այն բանից հետո, երբ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարեց, թե հետաքրքրված չեն Գրենլանդիան վաճառելու հարցով բանակցել ԱՄՆ-ի հետ:
Օգոստոսի 18-ին Թրամփը հաստատել էր ամերիկյան մամուլի լուրերը, որ իր խորհրդականների հետ քննարկել է աշխարհի ամենամեծ կղզին Դանիայից գնելու հնարավորությունը: Դանիայի վարչապետն ասել էր, թե կղզին չի վաճառվում՝ հարցը համարելով աբսուրդ: Իսկ նախկին վարչապետն ասել էր, թե դա հավանաբար ապրիլմեկյան կատակ է:
Անցած դարում ևս ԱՄՆ-ը փորձել էր գնել Գրենլանդիան, սակայն գործարքը մերժվել էր:
Դանիայի ինքնավար տարածք Գրենլանդիայում ԱՄՆ-ը ավիաբազա ունենալու իրավունք ունի: