Մատչելիության հղումներ

«Թավշյա հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք»․ Սեյրան Սարոյան


Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հեղափոխությունից հետո առաջին անգամ ասուլիս էր հրավիրել՝ իր առանձնատան բակում:

Գեներալը սրտնեղած էր իր մասին լրատվամիջոցների վերջին հրապարակումից, թե օրեր առաջ իր առանձնատանը, ինչպես գրել է մամուլը, գողական ռազբորկա է եղել, ոստիկանները գործողություններ են կատարել, ինքն էլ տնից փախչել է:

Լրագրողները, առիթն օգտագործելով, Սարոյանին հարցեր ուղղեցին անազատության մեջ գտնվող իր երբեմնի ընկեր Մանվել Գրիգորյանից: Ասաց՝ ոչ մի անգամ նրան բանտում չի տեսակցել:

Երբ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվել էր զինվորներին ուղարկվելիք սնունդը, Սարոյանը լրագրողների հետ ճեպազրույցում իր մտերիմ ընկերոջ մասին ասել էր՝ «ոնց կարելի է հերոսից իջնել տուշոնկա գողացողի»: Այսօր ասաց՝ այդ օրերին ապրած շոկը հաղթահարել է, իրականությունը դատարանը կպարզի․ - «Էն վախտ մինակ ես չէի ըտենց, բոլորս էդ նամակները տեսանք՝ սաղս էմոցիաների մեջ էինք, շոկի մեջ էինք: Բայց հիմա մարդիկ կան, որ դաժե բացեիբաց խոսում են, որ կհասկանանք՝ հըլը էտի որտեղիցա հայտնվել ըդտեղ, որովհետև փաստեր կա արդեն՝ էտի որդից հայտնվավ ըդտեղ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ կարծում է, որ Մանվել Գրիգորյանը կարդարացվի՞, Սարոյանը պատասխանեց․ - «Ես դատավոր Մացո՞ն եմ, ես շա՞տ գիտեմ դատավորի գլխի մեջ ինչ կա: Եթե ճիշտ, արդար․․․ Թավշյա հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք, չէ՞»:

Հարցին՝ ինքն է՞լ է մասնակցել հեղափոխությանը՝ գեներալն արձագանքեց․ ֊ «Բա ես ո՞ւր էի»:

Պարզաբանելով, թե ինչու է պնդում, որպեսզի Մանվել Գրիգորյանը ազատ արձակվի, Սեյրան Սարոյանը շեշտեց՝ «որպեսզի հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում՝ ըլնենք խայտառակ ամբողջ աշխարհում», ու հավելեց՝ «հա, որ, ասենք, Մանվելը գնաց իրանց տուն, էդ բերդում չեղավ, ո՞ւր պըտի փախնի Մանվելը, կարողա՞ փախնի երկրից»:

Երբ հիշեցրինք՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀԿ-ականներ՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, Արամ Հարությունյանին, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, գեներալն արձագանքեց․ - «Գնացե՝ չի էկե․․․ ուրիշ բան ա, որ փախնելն ա, ուրիշ բան ա, որ մարդիկ գնացե՝ չեն էկե»:

Սարոյանը դժգոհեց, թե ինչ որ ուժեր զբաղված են հայտնի մարդկանց, գեներալներին վարկաբեկելով: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նկատի ունի Արցախի գեներալ Սամվել Կարապետյանին: Հիշեցին Կարապետյանի ցուցմունքները Մարտի 1-ի գործով, որ այդ օրերին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Երևան է եկել մոտ 700 զինծառայող, նրանց թվում նաև դիպուկահարներ, որոնց հրամանատարն ինքն է եղել:

«Մենք մթոմ Ամերիկայի՞ց ենք էկե․․․ էդ օրը սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Էրևանում են էղե», - արձագանքեց գեներալը, - «Հիմա ի՞նչ խաբենք իրար ստից֊մտից: Թե չէ դուք որտե՞ղ էիք բա էդ վախտ, չէի՞ք նկարում էդ սաղ»:

Սեյրան Սարոյանը դրվատեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ասաց՝ երկրում կարգ ու կանոն է հաստատվել: Վստահեցրեց, թե մտահոգություն չունի, որ ինքը որևէ քրեական գործով երբևէ կանցնի: Համաձայնեց՝ նախկին իշխանության օրոք բանակը թալանվել է:

Անդրադառնալով իր շքեղ ու հսկայական առանձնատունը, ասաց՝ նախկին գյուղվարչության շենքն է եղել, հայրն է սեփականաշնորհել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG