Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում, արխիվ
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում, արխիվ

2008-ի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները կասեցվել են:Վերաքննիչ դատարանի որոշումներից հետո, երբ Քոչարյանը կրկին կալանավորվեց, նրա պաշտպանները բողոք ներկայացրեցին Վճռաբեկ դատարան, Վերաքննիչն էլ գործի նյութերն ուղարկեց վճռաբեկ ատյան, առանց գործի նյութերի էլ, ինչպես հայտարարել էր դատական դեպարտամենտը, առաջին ատյանում հնարավոր չէր գործը մակագրել որևէ դատավորի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գործը վարույթ ընդունելուց հետո դատավորը 15 օրյա ժամկետում պարտավոր կլինի օրենքով սահմանած տարբերակներից մեկն ընտրել՝ կա՛մ ինքնաբացարկ հայտնել, կա՛մ կասեցնել, կա՛մ կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել, կա՛մ գործը վերադարձնել մեղադրող դատախազին, կա՛մ էլ ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Ինչպես և երեք ամիս առաջ՝ 15 օրյա ժամկետում դատավորը պարտավոր է քննել հունիսի 25-ից կալանքի տակ գտնվող մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, որոշեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը և նրան կալանքից ազատեց, սակայն որոշումը բեկանեց Վերաքննիչ դատարանը և նախկին նախագահը կրկին կալանավորվեց:

«Դատական նիստ նշանակվելու է բացառապես խափանման միջոցի հարցը քննարկելու համար: Մեր օրենսդրությունը դա չի նախատեսում, բայց Սահմանադրական դատարանի որոշման հիմքով այդ դատարանները այդ նիստերը հրավիրում են», - նշեց Խուդոյանը:

Նախկին նախագահի փաստաբանը շարունակում է պնդել, որ այս ընթացքում Քոչարյանը ապօրինի է պահվում կալանքի տակ, քանի որ Վերաքննիչի հայտնի որոշումներից անմիջապես հետո էլ կարող էին ապահովել գործի նյութերի առկայությունը առաջին ատյանի դատարանում և վերսկսել դատական նիստերը։

«Միակ տրամաբանական բացատրությունը դրան այն եմ պատկերացնում, որ գիտակցեցին վերջը, որ այդ խախտումները սաստկանում են, որովհետև գիտեք՝ այս հարցի վերաբերյալ Եվրոպական դատարան գանգատ ենք ներկայացրել», - հավելեց Հովհաննես Խուդոյանը:

Այն փուլում, երբ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ Վճռաբեկ դատարանում բողոք կա, որը վարույթ ընդունելիս պետք է գնահատական տա վերաքննիչ դատարանի որոշումներին, որքանով էր ճիշտ Վճռաբեկին զուգահեռ վերսկսել գործի քննությունն առաջին ատյանի դատարանում։ Այս հարցի վերաբերյալ Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը պնդեց՝ այս դեպքում ակնհայտ հակասություններ են առաջանում․ - «Դրա համար ցանկալի կլինի, որ պահպանվի օրենքի տառը՝ Վճռաբեկ դատարանը ավարտի բողոքի ընդունելու-չընդունելու հարցի քննությունը, նոր առաջին ատյանը անդրադառնա այդ խնդրին»։

40-ամյա դատավոր Աննա Դանիբեկյանն աշխատում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ 2016-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամիսներ անց նրան էր մակագրվել ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու օրերին Սարի թաղի բնակիչների գործը՝ նրանք մեղադրվում էին ոստիկանների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։

Դանիբեկյանը արդեն իսկ առնչվել է Քոչարյանի գործին, նա ամիսներ առաջ բավարարել էր նախկին նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը` նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչելով նրա իրավունքների խախտում, միևնույն ժամանակ մերժել էր պաշտպանի բողոքը` վերացնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, այս քրեական գործից հեռացնել Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին, որն էլ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրել 2018-ին նրան մեղադրանք առաջադրելուց հետո։

Բացի այս քրեական գործից, դատավոր Աննա Դանիբեկյանն է քննում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի քրեական գործը։

XS
SM
MD
LG