Yandex ռուսական որոնողական համակարգը ստեղծած ընկերությունը հայտնել է առաջիկա երկու տարում առանց վարորդի 2 հազար ինքնաշարժ մեքենաներ արտադրելու մտադրության մասին:
Մինչև այս տարեվերջ նախատեսված է մոտ հարյուր այդօրինակ մեքենաների փորձարկումը: Այսօրվա դրությամբ Yandex ընկերությունն ունի 90 անվարորդ մեքենաներ, դրանցից 35-ը փորձարկվում են Մոսկվայի փողոցներում, սակայն փորձնական երթևեկության ընթացքում մեքենաներում ներկա է լինում ընկերության մասնագետը:
«Մենք Yandex-ում ստեղծում ենք ռոբոտ վարորդ, այս ծրագիրը սկսել ենք 2017 թվականին: Այն ունի երկու հիմնական բաղադրիչ, առաջինն այսպես կոչված հարդվերն է՝ սարքախումբը, մեքենայում տեղադրվող ցուցիչները և համակարգիչները, երկրորդը ալգորիթմն է: Ալգորիթմերը որոշումներ են կայացնում՝ ստանալով ցուցիչների հաղորդած տեղեկատվությունը, և ղեկավարում են մեքենայի գործողությունները ճանապարհներին», - ասել է ընկերության անվարորդ մեքենաների բաժնի ղեկավար Դմիտրի Պոլիշչուկը:
Yandex-ը չի հայտնել, թե որքան արժե այս ամբողջ ծրագրի զարգացումը: Պոլիշչուկն ասել է, որ անվարորդ մեկ մեքենայի գինը 6,5 միլիոն ռուբլի է, ինչը հավասար է մոտ 98 հազար դոլարի:
Yandex-ի մեքենաները փորձարկվում են Սկոլկովոյի և Իննոպոլիսի տեխպարկերում:
Yandex ընկերությունն ունի ավելի քան 30 ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում:
Այն մատուցում է սննդի առաքման և, Uber ընկերության օրինակով՝ համատեղ երթևեկության ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում:
Պոլիշչուկի փոխանցմամբ, Yandex-ը ցանկանում է անվարորդ մեքենաների փորձարկումներ անցկացնել նաև Միացյալ Նահանգներում, քանի որ այդ երկրում առավել զարգացած և առաջադիմական են ոլորտը կարգավորող օրենքները: