Դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի մասին են խոսել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեն այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, այդ համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու՝ հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Մայիլյանն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը և հաստատել Արցախի արտգործնախարարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:
Օգոստոսի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին հայ զինծառայողի կողմից մարտական դիրքը լքելու վերաբերյալ: Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակից հաստատեցին, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը Արայիկ Հայկի Ղազարյանն է, ով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, լքել է մարտական դիրքը:
Ադրբեջանական կողմը պնդում է, թե զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Հայկական կողմը այդ տեղեկությունները քարոզչություն է որակում և զինծառայողին հետ վերադարձնելու նպատակով դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: