Մատչելիության հղումներ

Դատարանը որոշել է կալանավորել «Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիրին


Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խարդախության և 325-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, օգտագործելու մասով։

Հիշեցնենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը, գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանն ու «Էլլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են օգոստոսի 13-ին: Hաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն «Սեքյուրիթի Դրիմի» և «Էլլիփս Ջի Էյի» պաշտոնատար անձանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

Այսօր, ավելի վաղ, Քննչական կոմիտեն «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացրել։

XS
SM
MD
LG