Մատչելիության հղումներ

Ամուլսարի գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան․ քննչական խմբի ղեկավար


Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռք բերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան՝ քրեական գործով վարույթի հետագա շարունակության համար», - ասաց Իվանյանը։

Քննչական կոմիտեի պատվերով միջազգային Advanced Resources Development (ELARD) ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքներով՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։

«Ծրագրի տարածքի և Ջերմուկի տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսք և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն։ Երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի։ Նույն կարծիքի համաձայն, Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ազդեցություն չի լինի։ Նման պայմաններում երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Կեչուտի ջրամբարի ջրերինը՝ Սևանա լճի ջրերի հետ, չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություն», - ասաց Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարը։

Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որևէ խախտում չի արձանագրվել: Ընդհանուր առմամբ փորձագիտական խումբը «Լիդիան»-ի կողմից մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ:

«Բայց միևնույն ժամանակ առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ և եկել այն եզրահանգման, որ եթե նախատեսված մեղմման միջոցները, ինչպես նաև առաջարկվող լրացուցիչ միջոցառումներն իրականացվեն պատշաճ նախագծված և սահմանված կարգով, ապա շրջակա միջավայրի ջրային ռեսուրսների վրա՝ ստորգետնյա ջրեր, հիմնական գետեր և աղբյուրներ, բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի», - ասաց Իվանյանը։

Փորձագիտական այս եզրակացության համար 2019-ին պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս եզրակացությանն էր սպասում՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կյացնելու համար:

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը և պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, նրանք տևական ժամանակ փակ էին պահում հանք տանող ճանապարհները:

Հայաստանի կառավարությունն էլ հայտարարել է, թե հանքի շահագործման մասին որոշում կընդունի միջազգային փորձաքննության արդյունքները ստանալուց հետո:

Ակնկալվում է, որ գործադիրի այսօրվա նիստում Ամուլսարի հարցը քննարկման առարկա կդառնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG